Ադրբեջանը փորձում է նվազեցնել Ղարաբաղյան պատերազմում իր զորքերի ունեցած կորուստները
Ադրբեջանում կազմում են այն զինծառայողների ցուցակը, ովքեր մահացել են անմիջականորեն Ղարաբաղի մարտական գործողությունների ընթացքում: Այդ մասին հայտնում է ադրբեջանական “APA” լրատվական գործակալությանը` հղում կատարելով այսպես կոչված «ռազմական աղբյուրներին»:
Նյութում ասվում է, որ սահմանվել են որոշ «փաստեր», որոնք իբրև թե հիմք են հանդիսանում պնդելու, որ «Ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական կողմն ավելի քիչ մարդկային կորուստներ է ունեցել, քան նշվում էր ավելի վաղ»:
Ներկա պահին Ադրբեջանի Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայությունը ճշտումներ է կատարում որոշ վայրերում: Կազմվում են նոր ցուցակներ: Այդ ցուցակներում ընդգրվում են նաև հրադադրի ռեժիմի ժամանակ շփման գծում տեղի ունեցած մարտերում մահացածների անունները:
Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության իրականացրած հետաքննության արդյունքում հայտնի է դարձել, որ մահացածների ցուցակներում «պատահական շատ մարդիկ կան»:
«Ցուցակում են հայտնվել այնպիսի մարդկանց անուններ, ովքեր ռազմական հակամարտությունների ընթացքում մահացել են շփման գծից հեռու: Նրանք զինծառայողներ են, ավտովթարներում մահացածներ, քաղաքացիական անձինք, ովքեր չեն մասնակցել մարտական գործողություններում», - ասվում է հաղորդագրության մեջ:
Հայտնում են նաև, որ վերջնական ցուցակը կտեղադրվի Մոբիլիզացիայի և զորակոչի պետական ծառայության պաշտոնական կայքում:
Նշենք, որ Ադրբեջանի պաշտոնական անձինք Ղարաբաղում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում գրանցված հանրապետության Զինված Ուժերի կորուստների վերաբերյալ տարբեր թվեր են հայտնում` փորձելով նվազեցնել դրանք: Եթե Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևը 1994թ. հունիսին խոսում էր 21 000 մահացածների մասին, ապա Իլհամ Ալիևն «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում (հոկտեմբեր 2011) հայտարարել է 13-15 հազար մահացած և անհետ կորած ադրբեջանցիների մասին:
Հատկանշական է, որ դեռ 2007թ. փետրվարին ադրբեջանական 9 ՀԿ-ներից և 3 փորձագետներից բաղկաղած խումբը հրապարակել է սեփական տվյալները, համաձայն որոնց` Ղարաբաղում կայացած մարտական գործողությունների ընթացքում մահացել է 24 հազար ադրբեջանցի զինծառայող, իսկ ևս 4,5 հազարն անհետ կորել է:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի պաշտոնական անձինք տարբեր թվեր են նաև հայտարարում Ղարաբաղյան պատերազմի հաշմանդամների վերաբեյալ` 10-ից մինչև 50 հազար: