Ամոթ. Ո՞ւր է Հայաստանի ժողովրդական արտիստ Արամ Սաթունցի տունը
Երևանի կենտրոնում գտնվող Արամի փողոցում օրեցօր նոր «երկնաքերեր» են հայտնում: Նախկին կառույցներից գրեթե ոչինչ չի մնացել: Ոչինչ չի հուշում, որ այս փողոցը պատմություն ունի:
Արամի փողոցի 80 հասցեում նույնպես մի նորակառույց կա, որի մի անկյունում՝ բետոնե պատի վրա օրերս հուշատախտակ է հայտնվել՝ «1945-85 թթ. այս տանը ապրել է Հայաստանի ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Արամ Սաթունցը (Սաթյանը)»:
Այն տեղադրվել է Երևանի ավագանու որոշմամբ («Տալ համաձայնություն ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արամ Սաթյանի (Սաթունց) հիշատակը հավերժացնող հուշատախտակը Արամի փողոցի հ.80 տան ճակատային մասում փակցնելու համար»:
Հուշատախտակը տեղադրելու տեղեկանք-հիմնավորումից պարզ է դառնում, որ Արամ Սաթունցի հիշատակը հավերժացնող հուշատախտակը Երևան քաղաքի Արամի փողոցի հ.80 տան ճակատային մասում փակցնելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել ՀՀ մշակույթի նախարարի կողմից, որը ներկայացվել է Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի քննարկմանը և հարցի վերաբերյալ տրվել է դրական կարծիք։
Ի՞նչ է ստացվում… Կոմպոզիտորը բնակվել է մի տանը, որը դեռ կառուցված չի եղել: Հազիվ թե այդպես լինի: Պարզ է` Հայաստանի ժողովրդական արտիստ Արամ Սաթունցի տունը ապամոնտաժել են, ներկայացնելով, թե` «նույնությամբ կկառուցվի»: Ինչո՞ւ է քանդվել. մենք չենք կարող այս հարցին ողջախոհ պատասխան տալ: Ու՞ր են այդ ապամոնտաժված տան քարերը: Երևի մի տեղ «գցած» կլիեն, սրանց նման:
Պարզապես` մշակույթի նախարարությունը շարունակում է «զարմացնել». մի՞թե տիկին Պողոսյանը չգիտի, որ կոմպոզիտորը չէր կարող այս նորակառույցում ապրած լիներ:
Համոզված ենք` մեղքն ու սխալը հուշատախտակը քանդակող վարպետինն է` պետք է գրված լիներ. «ժամանակին այստեղ եղել է այն տունը, որտեղ ապրել է կոմպոզիտոր Սաթունցը»:
Ամոթ է: Վերանում են շենքերը, քաղաքի պատմությունը, մշակութային հուշարձանները, հիմա էլ ապատեղակատվություն եք տարածում:
Միայն արդի Երևանի քաղաքաշինական քաղաքականությունը կարող էր երևակայել, որ Արամ Սաթյանը բնակվել 2011-12 թթ. կառուցված շենքում:
Հիշեցնենք, որ այս տարի փետրվարի 18-ին լրացել է կոմպոզիտորի 100-ամյակը: Այնսպես որ, հավատում ենք, որ դեռ «տունը, որտեղ բնակվել է» տաղանդավոր կոմպոզիտորը, դեռ «հանդիսավոր կբացվի էլ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները