ԱԺ նախագահ. Որևէ մեկը մեզ չի ստիպել անդամակցել Մաքսային միությանը
«Ես որևէ ճնշման ներկա չեմ եղել, չեմ զգացել, որ որևէ ճնշում կա մեր իշխանությունների նկատմամբ: Որևէ մեկը մեզ չի ստիպել անդամակցել Մաքսային միությանը. Դա ասել է նաև ՀՀ նախագահը»,- լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը՝ մեկնաբանելով ԵՄ Ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հայտարարությունը:
Վերջինս, հիշեցնենք, մասնավորապես ասել էր.
«Արևելյան գործընկերության Վիլնյուսի գագաթնաժողովն արդեն մոտենում է: Այն խոստանում է ընդգծել արևելյան եվրոպական հարևան մի շարք պետությունների հետ քաղաքական ասոցացման և տնտեսական ինտեգրման գործընթացում ձեռք բերված խիստ կարևոր առաջընթացը: Հստակ է, որ սխալմամբ այն որոշ ատյաններում ընկալվում է որպես վտանգ: Արդյունքն, ինչպես տեսնում ենք, այն է, որ լուրջ ճնշումներ են գործադրվում մեր որոշ գործընկերների նկատմամբ»: