Եվրախորհրդարանը դատապարտում է ռուսական ճնշումներն հետխորհրդային երկրների նկատմամբ
Այսօր Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստի ժամանակ խորհրդարանականները Ռուսաստանի Դաշնության քաղաքական և տնտեսական ճնշումներն հետխորհրդային երկրների վրա դատապարտող բանաձև են ընդունել: Այս մասին ասված է Եվրախորհրդարանի տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ընդունված տեքստի համաձայն, Եվրախորհրդարանն «անընդունելի» է որակում ԵՄ Արևելյան գործընկերության մի շարք անդամների նկատմամբ տարբեր տեսակի ճնշումները Ռուսատսանի կողմից, որոնք իրականացվում են գործընկեր պետությունների և ԵՄ-ի միջև ասոցացման համաձայնագրերի ստորագրման կամ նախաստորագրման փուլում:
«Եվրախորհրդարանը կարծում է, որ ԵՄ-ի և գործընկեր պետությունների միջև ընդլայնվող ինտեգրացիան համատեղելի է Ռուսաստանի հետ բարեդրացիական հարաբերություններ ունենալու վերջիններիս ձգտումների հետ և կոչ է անում Ռուսաստանի Դաշնությանը զերծ մնալ արևելյան գործընկերների նկատմամբ մեծացրած ճնշումներից, լիովին հարգել սեփական քաղաքական ընտրություն կատարելու նրանց ինքնիշխան իրավունքը», - ասված է բանաձևի տեքստում:
Խորհրդարանականները կարծիք են հայտնում, թե ԵՄ նորմերի և արժեքների վրա հիմնված տնտեսական և քաղաքական բարեփոխումներ իրականացնող հետխորհրդային երկրների որդեգրած կուրսը «բխում է Ռուսաստանի շահերից ևս, քանի որ դա հնարավորություն կընձեռի ընդլայնել կայունության, բարգավաճման և համագործակցության գոտին նրա սահմանների երկայնքով»:
Այս կապակցությամբ Եվրախորհրդարանը կոչ է անում Եվրահանձնաժողովին և ԵՄ Արտաքին քաղաքականության ծառայությանը կազմակերպության գործընկեր պետություններին պաշտպանող հստակ, արդյունավետ միջոցներ մշակել և ներկայացնել, որն Արևելյան գործընկերության բոլոր երկրների ընտրությունն ու ձգտումները խրախուսող հստակ ազդակ կհանդիսանա:
Խորհրդարանականները գործընկեր պետություններին կոչ են անում վիլնյուսյան գագաթնաժողովին ընդառաջ շարունակել նախապատրաստական աշխատանքները և «չտրվել Ռուսաստանից եկող ճնշումներին»:
Հավելենք՝ մամուլի հաղորդագրության վերջում հիշատակվում է Մաքսային Միությանը միանալու Հայաստանի Հանրապետության որոշման մասին: Նշվում է, թե դա անհամատեղելի է ԵՄ հետ և որ «խորհրդարանականները ենթադրում են, որ Հայաստանի որոշումն ընդունվել է Ռուսաստանի կողմից անվտանգությանն առնչվող սպառնալիքների պատճառով»: