Բիշկեկում կայանալիք Պուտին-Ռոհանի հանդիպման օրակարգում ընդգրկված է նաև երկկողմ ռազմական համագործակցության հարցը
Բիշկեկում ՌԴ և ԻԻՀ նախագահները կքննարկեն երկկողմ ռազմական համագործակցությանն առնչվող հարցեր»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ տեղեկացրել է ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Իրանական աղբյուրը, հղում կատարելով ռուսական «Կոմերսանտ» պարբերականին, նշում է, որ S300 հակահրթիռային պաշտպանության համակարգերը Իրանին հանձնելու և նոր ատոմակայանի կառուցման հարցում ակնկալվում է, որ Մոսկվան իր դիրքորոշումը կմեղմացնի:
Նշենք, որ այսօր ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների ղեկավարների նիստի մասնակցելու նպատակով մեկնել է Ղրղզստան, որտեղ էլ արդեն հանդիպում է ունեցել Չինաստանի նախագահ Շի Ջին Փինգի հետ:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001թ-ին: Մշտական անդամներն են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Իրանը, Աֆղանստանը, Մոնղոլիան, Հնդկաստանը և Պակիստանը դիտորդի կարգավիճակ ունեն:
Նկատենք, որ սա Հասան Ռոհանիի՝ ԻԻՀ նախագահի պաշտոնում առաջին օտարերկրյա այցն է. Նախատեսվում է, որ սեպտեմբերի կեսին Ռոհանին կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ ԳԱ նստաշրջանին: