Փաստաբան թեկնածուների բանավեճը կայացավ. Աթանեսյանի աթոռը թափուր էր (Լուսանկարներ)
Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններին ընդառաջ թեկնածու Արա Զոհրաբյանի` բանավեճի հրավերը կայացավ, սակայն երրորդ թեկնածուի բացակայությամբ. Տիգրան Աթանեսյանի համար նախատեսված աթոռն այդպես էլ թափուր մնաց: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Տիգրան Աթանեսյանը հրաժարվել էր մասնակցել «հյուրանոցային բանավեճին»` իր հերթին հրավիրելով թեկնածուներին հեռուստատեսային բանավեճի:
Թեկնածուները նախ ներկայացրին իրենց ծրագրերը, խոսեցին անելիքներից, այնուհետև պատասխանեցին փաստաբանների ու լրագրողների հարցերին:
Արա Զոհրաբյանն ասաց, որ մի քանի մարզեր կատարած այցելություններից ու իրենց գործընկերների հետ հանդիպումներից եզրակացրել են, որ խնդիրներ, իսկապես, կան: «Մեր մարզային գործընկերները, իրոք, կտրված են Պալատից, օրինակ` Տավուշի մարզի մեր գործընկերները: Այն հիմնական խնդիրները, որոնք մեր մարզային փաստաբանները բարձրաձայնում են, վերաբերում էին վերապատրաստմանը: Մարզային փաստաբանների համար բարձր է նաև 5000 դրամ ամսական անդամավճարը», -հայտարարեց Արա Զոհրաբյանը:
Կրոմվել Գրիգորյանի ծրագրում փաստաբանների օգնության համար նախատեսվող հիմնադրամի ստեղծման հարցը հետաքրքրել էր փաստաբան Լիանա Բալյանին, և վերջինը թեկնածուից հարցրեց, թե ինչ միջոցներով ու ինչպես է ստեղծվելու այդ հիմնադրամը:
«Կլինեն փաստաբաններ, որոնք ունեն հնարավորություն և կարող են գումարներ տրամադրել, որի հաշվին կստեղծվի այդ հիմնադրամը: Իմ անձնական փորձով ես այդպես արել եմ, իհարկե, հետո չեմ հետաքրքրվել, թե ինչպես են ծախսվել այդ գումարները: Եթե դա շարունակություն ունենար, շատ լավ կլիներ», -հավելեց Կրոմվել Գրիգորյանը: Ֆինանասկան հոսքերի թափանցիկության վերաբերյալ հարցին ի պատասխան, Կրոմվել Գրիգորյանն ասաց, որ ինքը կասկածի տակ չի կարող դնել Պալատի ֆինանսական հարցերը, քանի որ փաստեր չունի: Լրագրողի հարցին, թե բավարարո՞ւմ է Փաստաբանների պալատի գործունեության հրապարակայնությունը, Կրոմվել Գրիգորյանը բացասական պատասխան տվեց:
«Ես կասեի, որ հրապարակայնություն պալատում ընդհանրապես բացակայում է, հրապարակայնություն չկա: Միգուցե հրապարակայնությունը պայմանավորված է քարոզարշավով, մինչ այդ որևէ հրապարակայնություն չի եղել: Ու ես համոզված եմ, որ հրապարակայնությունը, անկախ նրանից ես կընտրվեմ, թե Արա Զոհրաբյանը, կշարունակվի», -հավելեց թեկնածու Գրիգորյանը:
Բանավեճին ներկա փաստաբաններից մեկը Կրոմվել Գրիգորյանից փորձեց պարզաբանում ստանալ Տիգրան Աթանեսյանի այն հայտարարության կապակցությամբ, թե ինքը Արա Զոհրաբյանի դրածոն է: «Ես նման անլուրջ հարցերի չեմ արձագանքում և այդ իսկ պատճառով էլ չեմ պատասխանել Տիգրան Աթանեսյանի բարձրացրած հարցին: Եթե ես Զոհրաբյանի դրածո լինեի, ես այստեղ չէի գտնվի: Անկախ այն հանգամանքից, թե ով կլինի Պալատի նախագահ, ես Արա Զոհրաբյանի հետ իմ ունեցած հարաբերությունները կշարունակեմ նույն ձևով: Նրա նման հայտարարության պատճառը երևի այն հանգամանքն է, որ ես իր նման վիրավորանքներ չեմ հասցնում Արա Զոհրաբյանի հասցեին»,- փաստաբանի հարցին պատասխանեց թեկնածու Գրիգորյանը:
Հարցին արձագանքեց նաև Արա Զոհրաբյանը,նախ ասաց, որ Կրոմվել Գրիգորյանի հանդեպ մեծ հարգանք ունի, այնուհետև հավելեց. «Ոչ մեկ ոչ մեկիս դրածոն չէ, բոլորս էլ մրցակիցներ ենք»:
Փաստաբանների պալատի նախագահի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 14-ին առավոտյան ժամը 09:00-ից մինչև 18:00-ն: Արդեն իսկ տպագրվել է տպագրվել է 1412 հատ քվեաթերթիկ, որոնք կնքվել են Հաշվիչ հանձնաժողովի կնիքով, փաթեթավորվել են պարկերում ու ընտրողների ցուցակի հետ միաժամանակ տեղադրվել են չհրկիզվող պահարանում:
Կարդացեք նաև`
Ծերուկն անտանելի է դարձել. Աթանեսյանը` ՓՊ նախագահի մասին (տեսանյութ)
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան