Սերժ Սարգսյանը Յուրի Բաշմետին պարգևատրել է Պատվո շքանշանով
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ականավոր ալտահար, դիրիժոր, մանկավարժ և հասարակական գործիչ, «Մոսկվայի մենակատարներ» կամերային նվագախմբի և «Նոր Ռուսաստան» սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Յուրի Բաշմետին, ով Հայաստան է ժամանել «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում և մասնակցելու է նաև Արամ Խաչատրյան համերգասրահում իր 60-ամյա հոբելյանին նվիրված համերգին:
Երկրի ղեկավարի մամուլի գրասենյակի հաղորդմամբ, Նախագահը բարձր է գնահատել Յուրի Բաշմետի գործունեությունը և հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած ավանդի, համաշխարհային երաժշտարվեստի բնագավառում ունեցած նրա մեծ վաստակի համար Յուրի Բաշմետին պարգևատրել Պատվո շքանշանով: «Ես համարում եմ, որ Ձեր ողջ կյանքը արժանի և անձնվեր ծառայություն է մշակույթի մեծ գործին: Դուք Ձեր արվեստով միավորում եք մարդկանց: Իրականում դա շատ կարևոր է, առավել ևս ժամանակակից աշխարհում, երբ կան բազում խնդիրներ»,-ասել է Նախագահը և շնորհակալություն հայտնել Յուրի Բաշմետին հայ ժողովրդի համար և՛ դժվարին, և՛ ուրախության պահերին մշտապես նրա կողքին լինելու և սատարելու համար:
Անվանի արվեստագետը մեծ պատիվ է համարել Հայաստանի Հանրապետության կողմից նման բարձր պարգևի արժանանալը և շնորհակալություն հայտնել գնահատանքի ու ջերմ խոսքերի համար: