Վյաչեսլավ Կովալենկո. Մաքսային Միությանը անդամակցելը կամրապնդի ՀՀ-ի դիրքերը Հարավային Կովկասում
«Մաքսային Միությանը անդամակցելը Հայաստանի ազգային-պետական շահերից է բխում և միակ ճիշտ ընտրություն էր Հայաստանի համար: Այս որոշումը կամրապնդի Հայաստանի դիրքերը և հեղինակությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»,-այսօր Մոսկվա-Երևան տեսակամրջի ընթացքում անդրադառնալով Հայաստանի Մաքսային Միությանը անդամակցելու որոշմանը և Մաքսային Միության ապագային ասաց 2009-2013թթ.-ին Վրաստանում և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան, Կասպյան համագործակցության ինստիտուտի տարածաշրջանային ծրագրերի տնօրեն Վյաչեսլավ Կովալենկոն:
Նա նշեց, որ իր մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանում ավելի շատ պեսիմիստական տրամադրություններ են Մաքսային Միությանը անդամակցելու հետ կապված: «Մաքսային Միության անդամակցությունը կհանգեցնի Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների ստեղծմանը, գյուղատնտեսական ոլորտի բարեփոխումներին»,-ասաց Վ. Կովալենկոն:
«Մաքսային Միության շրջանակներում անվտանգության, ռազմա-տեխնիկական համագործակցությանը զուգահեռ կզարգանա նաև հումանիտար համագործակցությունը, քանի որ նախատեսվում է Երևանում բացել Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղ: Այդ մասնաճյուղում կսովորեն նաև ՌԴ-ի հարավային շրջաններում բնակվող հայերը»,-նշեց Կովալենկոն:
Իր հերթին, Երևանի տաղավարում գտնվող «Կովկասի» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը անդրադառնալով Հայաստանի Մաքսային Միությանը անդամակցելու որոշմանը նշեց, որ Ռուսաստանը Հայաստանի համար անվտանգության առումով շատ կարևոր է, իսկ Հայաստանը Ռուսաստանին անհրաժեշտ է՝ Հարավային Կովկասում դիրքերը ամրապնդելու և պահպանելու համար:
«Մոսկվայում կայացած Մաքսային Միության մասին որոշումները քաղաքական որոշումներ են՝ Մաքսային Միությունը ոչ թե մեկ փաստաթուղթ է, այլ մի ամբողջ գործընթաց, որն իր մեջ ենթադրում է մի շարք փաստաթղթերի համաձայնեցում»,-ասաց Ա. Իսկանդարյանը:
Նրա խոսքերով, Մաքսային Միության այլ անդամների՝ՌԴ-ի, Բելառուսի և Ղազախստանի հետ Հայաստանը ընդհանուր սահման չունի, բացի այդ, վերոնշյալ երկրներից ՌԴ-ը և Ղազախստանը նավթ և գազ արտահանող երկրներ են, իսկ Հայաստանը էներգակիրներ է ներկրում:
ԱՊՀ երկրների ինստիտուտի հայկական մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը նշեց, որ Մաքսային Միությանը անդամակցելու որոշումը ընդունվել է ոչ միայն առևտրա-տնտեսական կապերի ամրապնդման համար, այլ նաև Մաքսային Միության երկրների հետ ինտեգրացիոն գործընթացները սերտացնելու համար:
«Մաքսային Միության անդամակցությունը ունի դրական նշանակություն, սակայն պետք է նաև քննադատորեն մոտենալ այդ որոշմանը և պարզել Հայաստանի Մաքսային Միությանը անդամակցելու «ճանապարհային քարտեզը»,-ասաց Մարկարովը:
Մոսկվայի տաղավարի հյուր Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի, Կովկասի և Ուրալ-Պովոլժիևի հետազոտման կենտրոնի աշխատանքային խմբի համակարգող Ալեքսանդր Սկակովը նշեց, որ դեռևս Մաքսային Միության «ճանապարհային քարտեզ» գոյություն չունի, իսկ Մաքսային Միությունը դեռևս անորոշ ծրագիր է: «Մենք բոլորս տեսնում ենք Բելառուսի և Ռուսաստանի միջև ծագող առևտրա-տնտեսական խնդիրները»,-ասաց Սկակովը:
Նաև ասաց, ինքը հույս ունի, որ Մաքսային Միությունը շեշտը ավելի շատ կդնի տնտեսական համագործակցության, այլ ոչ թե քաղաքական նպատակների վրա: