Վ. Քոչարյան. Հայաստանն ու Եվրամիությունը համատեղ պետք է համագործակցության նոր ձևաչափ գտնեն
Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն նախօրեին Եվրոպական խորհրդարանի պլենար նիստում հայտարարել է, թե զուտ իրավաբանորեն Մաքսային միությանն անդամակցությունը անհամատեղելի է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագրերի հետ: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 3-ին Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները համատեղ հայտարարությամբ հաստատել են Մաքսային միությանը Հայաստանի միանալու մտադրության մասին: Թեմայի շուրջ Panorama.am-ը զրուցեց ԵՊՀ եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ, իրավագետ-միջազգայնագետ Վիգեն Քոչարյանի հետ:
-Պարոն Քոչարյան, եվրահանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, թե զուտ իրավաբանորեն անհամատեղելի է Մաքսային միությանն անդամակցությունը ԵՄ հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագրի հետ: Հայկական կողմը ցանկություն է հայտնել համատեղել երկու ինտեգրացիոն գործընթացները և ընդգծել, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը մնում է օրակարգում: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Որպեսզի կարողանամ որպես գիտնական, մասնագետ գնահատական տալ, թե որքանով է համատեղելի կամ անհամատեղելի Եվրամիության և Մաքսային միության հետ պայմանագրերը, ես պետք է այդ պայմանագրերին ծանոթ լինեմ: Ասոցացման համաձայնագիրը չի հրապարակվում, իսկ Մաքսային միության հետ կապված Հայաստանի պայմանագրային փաթեթը ասացին, որ կպատրաստվի մինչև մայիս: Բայց հաշվի առնելով առկա միջազգային փորձը, կարելի է ասել, որ համատեղելիության մասին սկզբունքորեն խոսք լինել չի կարող: Մաքսային միությունը ենթադրում է, որ անդամ պետությունները ընդունում են միասնական մաքսային սակագներ արտաքին սահմաններում, իսկ ներքին սահմանների միջև վերացվում են մաքսային վճարները: Համապատասխանաբար, եթե խոսում ենք Եվրամիության հետ նման կարգավիճակի մասին, ապա ինչպե՞ս դա կարող է համատեղելի լինել: Եվրամիությունը պետք է նույնատիպ պայմանագիր կնքի Մաքսային միության բոլոր անդամների հետ, որպեսզի կարողանանք զուտ տրամաբանորեն խոսել ինչ-որ համատեղելիության մասին: Սակայն կրկնում եմ, որ քանի դեռ պայմանագրերին ծանոթ չենք, չենք կարող միանշանակ գնահատական տալ, թե պայմանագրի որ կետն է հակասում մյուս պայմանագրի որ կետին, ինչի արդյունքում սուբյեկտը չի կարողանա իրար հակասող պարտավորություններ ստանձնել:
-Նշեցիք, որ համատեղելիության մասին կարելի է խոսել, եթե Եվրամիությունն ու Մաքսային միությունն իրար մեջ ստորագրեն համապատասխան պայմանագիր: Դա կլինի՞ խնդրի լուծում:
-Այո, համատեղելիության միակ տրամաբանական լուծումը դա կարող է լինել: Ուրիշ տարբերակ էլ կա, որ առաջարկում է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, ըստ որի կարելի է ստորագրել Ասոցացման պայմանագրի քաղաքական մասը, եթե հնարավոր չլինի ստորագրել Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու մասին պայմանագիրը:
Սակայն Եվրամիությունը պնդում է, որ Ասոցացման համաձայնագրի բովանդակությունը ազատ առևտրի գոտին է, որը չստորագրելու դեպքում անհասկանալի է, թե ինչ է մնում ստորագրելու:
Ընդհանուր առմամբ Հայաստանի մտադրությունները պարզ են, որ եթե ոչ տնտեսական, ապա գոնե քաղաքական մակարդակով պայմանագիր ստորագրվի, որը կվերաբերի ժողովրդավարական բարեփոխումներին, ինստիտուցիոնալ փոփոխություններին: Եվրամիության հետ համագործակցության այդ ցանկությունը կա, քանի որ դա կնպաստի ՀՀ-ի զարգացմանն ու ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը:
Նշենք, որ Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն արդեն իսկ հայտարարել է, թե Ասոցացման համաձայնագիրը մասնատելի չէ:
-Ըստ Ձեզ, Մաքսային միությանը Հայաստանի միանալու դեպքում ինչպե՞ս պետք է զարգանան հարաբերությունները Եվրամիության հետ:
-Իմ անձնական համոզմամբ, պետք է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ` հաշվի առնելով այն դիրքորոշման ճշգրտումները, փոփոխությունները, որոնք տեղի ունեցան, որոնք միգուցե բնական էին: Միգուցե մեր կողմից հույսեր կային, որ ինչ-որ «Modus Vivendi» տարբերակներ կարող են գտնվել, որպեսզի կարողանայինք համատեղել այդ երկու վեկտորները: Կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը մտադիր է շարունակել համագործակցությունը Եվրամիության հետ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրոք Հայաստանը գիտակցում և շահագրգռված է ինստիտուցիոնալ, պետական կառավարման համակարգի բարեփոխումների մեջ, որոնք կհանգեցնեն հասարակական կյանքի տարբեր կողմերի եվրոպական ստանդարտներին: Հայաստանի ղեկավարության մոտ այդ անկեղծ ցանկությունը նկատելի է: Հուսով ենք, որ Եվրամիության ղեկավարությունը դա կգնահատի և Հայաստանի հետ համատեղ ուժերով համագործակցության նոր ձևաչափ կփորձի գտնել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները