Ալեն Բլան. Վստահ եմ, «Oracle»-ի մուտքը հայկական շուկա հաջողությամբ կիրականացվի
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող ամերիկյան «Oracle» ընկերության ավագ փոխնախագահ Ալեն Բլանի գլխավորած պատվիրակությանը:
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորոտը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկն է: Այս բնագավառում տարեկան արձանագրվում է 15-20 տոկոս տնտեսական աճ: Ողջունում ենք «Oracle»-ի հետ ձևավորվելիք համագործակցությունը և վստահ ենք, որ երկկողմ փոխգործակցությունը նոր թափ կհաղորդի մեր երկրում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանը»,- ասել է վարչապետը:
Կառավարության տեղեկատվության և հասարակայնությանմ հետ կապերի վարչության հաղորդմամբ, զրուցակիցները քննարկել են հայկական կողմի և ամերիկյան ընկերության միջև նորարարության, գիտական և տեխնոլոգիական հետազոտությունների ոլորտում երկարաժամկետ համագործակցության հաստատմանը, ինչպես նաև ՀՀ շուկայում «Oracle»-ի նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կիրառմանն առնչվող հարցեր:
Ալեն Բլանը վստահություն է հայտնել, որ ամերիկյան ընկերության մուտքը հայկական շուկա հաջողությամբ կիրականացվի, ինչն իր հերթին կխթանի նորարական տարբեր ծրագրերի իրականացմանը:
Այնուհետև ՀՀ վարչապետի ներկայությամբ ՀՀ կառավարության և «Oracle» ընկերության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանը և «Oracle» ընկերության ավագ փոխնախագահ Ալեն Բլանը:
Հուշագրով նախատեսվում է աջակցություն Հայաստանում ՏՏ հմտությունների զարգացմանը` «Oracle»-ի կրթական ծրագրի շրջանակներում, պետական մարմիններում «Oracle»-ի լուծումների կիրառման գնահատում և ընդլայնում, ՀՀ-ում ամերիկյան ընկերության գերազանցության կենտրոնի հիմնում և այլն:
Հայկական կողմի և «Oracle»-ի միջև համագործակցության պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս 2012թ. դեկտեմբերի 7-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ամերիկյան ընկերության ղեկավարների միջև Ֆրանկֆուրտում կայացած հանդիպման ժամանակ:
«Oracle» ընկերությունը հիմնադրվել է 1977թ. ԱՄՆ-ում: Ընկերությունն ունի ավելի քան 390 հազար գնորդ, իսկ ծրագրերը ներկայացված են աշխարհի ավելի քան 145 երկրներում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան