Թուրք վերլուծաբան. «Թուրքիան արդյո՞ք թուրքերինն է»
Թուրք վերլուծաբան Յավուզ Սեմերջին հարցադրում է անում, թե ինչպիսի Թուրքիա կստեղծվեր, եթե հնարավոր լիներ վերադառնալ անցյալ և նախկինում կատարված որոշ բաներ այլ կերպ արվեին: «Գազեթեփորթ» լրատվական կայքում հրապարակված նրա «Թուրքիան արդյո՞ք թուրքերինն է» հոդվածում ժողովրդագրության, էթնիկ կազմի տեսանկյունից քննության է առնվում Թուրքիայի անցյալն ու ներկան:
Պատմելով, թե ինչպես է ինքը հաճախ մտովի էքսկուրս կատարում դեպի պատմական անցյալ` Սեմերջին նշում է, որ Անատոլիան սկզբում աչքի էր ընկնում իր բազմազանությամբ, կար ամեն գույն ու համ, բայց հետո աստիճանաբար գունատվեց ու միօրինակ դարձավ:
«Նախ ոչ մահմեդական բնակչությանը ուժասպառ արեցինք: Եթե հայերը բռնագաղթի չենթարկվեին, այսօր մնացած կլինեին որպես այս երկրի հիմնական բաղկացուցիչներից մեկը: Քանի՞ միլիոն հայ կապրեր այս հողերում: Կամ որքա՞ն հույն: Ու այդ ժամանակ մի՞թե Անատոլիան այսչափ աղքատ, այսչափ թշվառ կլիներ: Քահրամանմարաշը, Վանը, Մուշը Մալաթիան բա այսպիսի՞ քաղաքներ կլինեին: Բա Ստաբուլը զբոսաշրջիկության այս խեղճուկրակության մեջ կլինե՞ր: Կդառնայինք մշակույթի համաշխարհային կենտրոն»,- ափսոսանք է հայտնում հոդվածագիրը:
Այնուհետև հեղինակը պատմում է, որ մի խումբ լրագրողների հետ այցի են գնացել պապական հողեր:
«Ապշած մնացի: Այն վայրը, որը մենք Դերսիմ ենք կոչում, լիքն է հայկական հետքերով, դա հերքել ուղղակի հնարավոր չէ: Օրինակ` մեր մեջ քանիսը կա՞ն, որ տեսել են Կարսից 50կմ հեռավորության վրա Հայաստանի հետ սահմանին գտնվող Անին: Մեզնից քանի՞ տոկոսն է տեղյակ, որ պատմական վաղ անցյալում Անին եղել է հայկական պետության մայրաքաղաք... Անթիվ օրինակներ կարող եմ բերել: Պարզապես մենք վախեցանք ոչ մահմեդական բնակչությունից: Այս ու այն կերպ վանեցինք նրանց, ատեցինք: Ու հետևանքը եղավ այն, որ 99 տոկոս ոչ մահմեդական բնակչություն ունեցող երկրի մակարդակին իջանք»:
Սեմերջին ընդգծում է, որ եթե քրդերը մուսուլման չլինեին, նրանց ևս սպասվում էր բնօրրանից արմատախիլ արված հայերի ու հույների ճակատագիրը: Նա դատապարտում է այն, որ թուրքերը ամեն գնով փորձել են իրենց ենթարկեցնել և միաձուլել այլ էթնիկ ինքնություններին` ջնջելով բազմերանգությունը:
«Եղածը եղած է: Չենք կարող անցյալը փոխել: Երանի հայերը և հույները մանցած լինեին և այս երկրի մեծ մասը կազմեին»,- գրում է Սեմերջին` հավելելով, որ դրա հետևանքով եկել է հիմա ժամանակը, որ քրդերն էլ այս երկիրը իրենցն են համարում: Ըստ նրա` այդ հարցը այլևս կռվով ու պատերազմով չի լուծվի: Ւրաքի ու Սիրիայի փորձն այդ է ցույց տալիս:
«Եկել է օրը` ասելու, որ Թուրքիան միայն թուրքերինը չէ»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում