Ադրբեջանը «սև ցուցակի» անդամներին հորդորել է ներողություն խնդրել
Ադրբեջանական հայտնի «սև ցուցակի» անդամների անունները կարող են ջնջվել ցուցակից, եթե վերջիններս ներողություն խնդրեն: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում կատարելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Էլման Աբդուլաևի արած հայտարարությանը:
«ԱՊԱ» լրատվական գործակալությունը տեղեկացրել է, որ Բաքուն ավելի վաղ հայտարարել էր, ցուցակի վերանայման հնարավորության մասին.« Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարության, շատ անձինք ԼՂՀ այցելելիս տեղյակ չեն եղել, որ օրենքի խախտում են կատարում, և Հայաստանը նրանց մոլորության մեջ է գցել»:
Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտնել է, որ արդեն որոշ մարդիկ խնդրել են իրենց անունները հեռացնել ցուցակից: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի` այդ մարդկանց շարքում են ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Միտրոֆանովը, «Ամերիկայի ձայնի» մոսկովյան բյուրոյի ղեկավար Ջեյմս Բրուքը և մի քանի այլ քաղաքական գործիչներ և լրագրողներ:
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի սկզբին Ադրբեջանի իշխանությունները «սև ցուցակ» հրապարակեցին, որի մեջ ներառված են այն արտասահմանցիների անունները, ովքեր այցելել են ԼՂՀ: Ցուցակը բաղկացած է ավելի քան 300 մարդկանցից, որոնցից մեծամասնությունը հանրահայտ քաղաքական-հասարակական գործիչներ, լրագրողներ, արվեստի ներկայացուցիչներ են: Ցուցակում ներառված մարդկանց Ադրբեջանի իշխանությունն արգելվում է այցելել իրենց երկիր:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը: