Բիշկեկում կայացած Ռոհանի-Պուտին հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Սիրիայի հարցը
«Ղրղզստանի մայրաքաղաք Բիշկեկում կայացել է Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը»,-այդ մասին հաղորդում է ԻԻՀ նախագահի պաշտոնական կայքը:
Համաձայն հաղորդագրության՝ այսօր Բիշկեկում ընթացող Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկների ղեկավարների համաժողովի շրջանակներում Հասան Ռոհանիի և Վլադիմիր Պուտինի միջև տեղի ունեցած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ, տարածաշրջանային խնդրիներին առնչվող հարցեր:
ԻԻՀ նախագահը շեշտել է, որ Իրանի նոր իշխանությունները շահագրգռված են Ռուսաստանի հետ զարգացնել հարաբերությունները բոլոր ուղղություններով:
Հասան Ռոհանին, անդրադառնալով Սիրիայի շուրջ ստեղծված իրավիճակին, նշել է, որ սիրիական ճգնաժամի հանգուցալուծման առնչությամբ Մոսկվայի նախաձեռնությունը հույս է ներշնչում, որ նոր պատերազմը կարող է կանխվել:
Անդրադառնալով Իրանի միջուկային խնդրին՝ Ռոհանին ընդգծել է, որ Թեհրանը ցանկանում է, որ խնդիրը լուծվի որքան հնարավոր է շուտ՝ միջազգային օրենքների շրջանակներում:
ՌԴ նախագահն էլ, իր խոսքում կարևորելով Իրանի դերը, շեշտել է, որ Մոսկվան և Թեհրանը կարող են համատեղ համագործակցություն ծավալել ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային, միջազգային հարթակներում, այդ թվում՝ Շանհային համագործակցության կազմակերպությունում:
Նկատենք, որ սա Հասան Ռոհանիի՝ ԻԻՀ նախագահի պաշտոնում առաջին օտարերկրյա այցն է. Նախատեսվում է, որ սեպտեմբերի կեսին Ռոհանին կմեկնի Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ ԳԱ նստաշրջանին:
Շանհայի համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 2001թ-ին: Մշտական անդամներն են՝ Ռուսաստանը, Չինաստանը, Ղրղզստանը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ուզբեկստանը: Իրանը, Աֆղանստանը, Մոնղոլիան, Հնդկաստանը և Պակիստանը դիտորդի կարգավիճակ ունեն: