Շտեֆան Ֆյուլե. Վիլնյուսի համաժողովը խաղի կանոնները կփոխի
Եվրոպական Միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր Երևանում կայացած ԵՄ Արևելյան գործընկերության երկրների նախարարական ոչ պաշտոնական հանդիպման ավարտին լրագրողների համար հանդես է եկել հետևյալ հայտարարությամբ.
«Հաճելի է այս տարի արդեն երկրորդ անգամ գտնվել Երևանում, առավել ևս՝ նման կարևոր հանդիպման առթիվ։ Թույլ տվեք հետևյալ երեք կետերի վերաբերյալ կարճ անդրադարձ անել։
Առաջին. ԵՄ հանձնառու է մնում բոլոր վեց երկրների հետ առաջ գնալ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում։ Մեր մտադրությունները և քաղաքականությունը պարզ են, թափանցիկ, կանխատեսելի և տարբերակվող՝ արտացոլելով մեր գործընկերների հավակնությունները և մեր հարաբերությունների հիմքը հանդիսացող արժեքների և սկզբունքների նկատմամբ նրանց հանձնառությունը։ Մենք միշտ գործել ենք այսպես և շարունակելու ենք դա դեպի Վիլնյուսի համաժողով տանող ճանապարհին և դրանից հետո։
Երկրորդ. Վիլնյուսի համաժողովը նոր հանգրվան է, քանի որ այն առաջարկում է քաղաքական ասոցացում և տնտեսական ինտեգրում։ Ասոցացման համաձայնագրերը գործիք են առաջարկում քաղաքական բարեփոխումների և տնտեսական արդիականացման համար։ Մենք [բաժանարար] պատեր կառուցելու գործառույթ չենք հետապնդում։ Մենք մի գործընթացում ենք, որը կարող էր ի վերջո հանգեցնել Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ ազատ առևտրի տարածք ստեղծելուն։
Երրորդ. Եվրասիական Միության նախագիծը իր ձևավորման ընթացքում պետք է հարգի մեր գործընկերների ինքնիշխան որոշումները։ Եվրոպական Միության հետ համաձայնագրերի հնարավոր ստորագրման հետ կապված Ռուսաստանի սպառնալիքները անընդունելի են։ Եվրոպական Միությունը կաջակցի և կսատարի անպատեհ ճնշումների ենթարկվողներին։ Թույլ տվեք նաև ձեր ուշադրությունը հրավիրել ակտիվիստների և մարդու իրավունքների պաշտպանների նկատմամբ վերջին բռնի միջադեպերի վերաբերյալ Երևանում գտնվող մեր Պատվիրակության հայտարարության վրա։ Եվրոպական Միությունը արտահայտել է իր խորը անհանգստությունը և կոչ արել Հայաստանի իշխանություններին իրականացնել վճռական գործողություններ և մեղավորներին ենթարկել պատասխանատվության։
Շնորհակալություն»։