Վրաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է շուրջ 41 տոկոսով, հայերինը՝ ավելացել 26,8%-ով
«Վրաստան այցելած իրանցի զբոսաշրջիկների թիվը նվազել է շուրջ 41 տոկոսով»,-այդ մասին հաղորդում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Վրաստանի ՆԳ նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ ս.թ. առաջին ութ ամիսների կտրվածքով Վրաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 26 տոկոսով ավելացել է:
Ըստ այդ տեղեկատվության՝ 2013թ. հունիս-օգոստոս ամիսներին Վրաստանի սահմանը հատել է 3 մլն 568 հազար 518 մարդ, որից 1 մլն. 415 հազար 215-ը որպես զբոսաշրջիկ, 758 հազար 872-ը՝ տրանզիտ ուղևոր, իսկ 1 մլն. 394 հազար 431 մարդ էլ այլ պատճառներով է մուտք գործել: Ըստ այդմ, օգոստոս ամսին Վրաստան ամենաշատն այցելել են հետևյալ երկրներից. Թուրքիա (25 % աճ), Ադրբեջան (21,9%), Հայաստան (26,8 %), Ռուսաստան (44,2%), Ուկրաինա (59,3%), իսկ իրանցիների թիվը շուրջ 41 տոկոսով նվազել է:
Նկատենք, որ 2011թ. Իրանի և Վրաստանի միջև ստորագրված պայմանագրի համաձայն՝ երկու երկրների քաղաքացիները հնարավորություն ունեին երթևեկել առանց վիզային ռեժիմի: Սակայն Վրաստանի կառավարությունը ս.թ. հուլիսի 1-ից չեղյալ է հայտարարել Իրանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի Վրաստան այցելելու որոշումը:
Իրանական «ասրիրան.քոմ» կայքը, վերջրես մեկնաբանելով Վրաստանի կայացրած որոշումը, նշել էր, որ Միացյալ Նահանգները իրանավրացական տնտեսական հարաբերությունների ընդլայնման առնչությամբ իր մտահոգությունն են հայտնել, ինչի արդյունքում էլ Վրաստանը իրանական 150 բանկային հաշիվները սառեցրել և չեղյալ էր հայտարարել Իրանի քաղաքացիների համար առանց մուտքի արտոնագրի Վրաստան այցելելու որոշումը: