Վ. Այվազյան. Եթե ասում ենք` իշխանությունը պատկանում է ժողովրդին, ապա պիտի հստակեցվի «ժողովուրդը»
«Սահմանադրական բարեփոխումների հարցում գոյություն ունի երկու մոտեցում` սահմանադրության համակարգային փոփոխությունները, և երկրորդ` սահմանադրության դրվագային, իրավիճակային փոփոխություններ` ելնելով ինչ-որ նպատակահարմարությունից»,- Panorama.am-ի հետ զրույցում անդրադառնալով Հայաստանում սահմանադրական բարեփոխումների իրականացման խնդրին` ասաց ԵՊՀ սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը:
Նա անձամբ կողմ է, որ Հայաստանում համակարգային սահմանադրական բարեփոխումներ իրականացվեն, սակայն եթե դրանք համակարգային բնույթ չեն կրելու, այդ քայլին դիմելն անիմաստ է. «Սահմանադրությունը մի ամբողջական համակարգ է, որն ապահովում է պետական կառույցի և իրավական համակարգի ներդաշնակությունը»:
Վ. Այվազյանի խոսքով, ներդաշնակությունն ապահովելու համար սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամներն իրենց առջև պետք է դնեն համամարդկային արժեքի սահմանումը տալու խնդիրը, քանի որ աշխարհում բոլոր սահմանադրությունները հիմնվում են համամարդկային արժեքների վրա:
«Եթե հանձնաժողովը տա համամարդկային արժեքների ձևակերպումը, ապա այդ ժամանակ կարելի է ասել, որ հանձնաժողովը տիրապետում է սահմանադրական բոլոր օբյեկտներին և կարող է սահմանադրական բնույթի փոփոխություններ կատարել»,-նշեց Այվազյանը:
Ըստ նրա, պետք է տրվեն նաև սահմանադրական բոլոր օբյեկտների հստակ ձևակերպումները, որպեսզի դրանք միանշակ ընկալում ունենան և չունենան տարաբնույթ մեկնաբանություններ:
«Եթե մենք ասում ենք կրոնի ազատություն, պետք է հստակ տրվի կրոնի հասկացողությունը: Եթե ասում ենք իշխանությունը պատկանում է ժողովրդին, հստակ պետք է տրվի ժողովուրդ սուբյեկտի հասկացողությունը: Պետք է տրվեն պետության և պետականության հստակ ձևակերպումներ»,-ասաց նա:
Այվազյանի կարծիքով, սահմանադրական փոփոխությունները պետք է կրեն համակարգային բնույթ, որպեսզի հնարավոր լինի ազգային արժեքները համապատասխանեցնել` սինխրոնիզացնել համամարդկային արժեքների հետ:
Նա նշեց, որ սահմանադրական բարեփոխումների արդյունավետությունը ապահովելու համար միայն սահմանադրական բարեփոխումներ իրականցնելը բավարար չէ. «Իշխանությունները պետք է համապատասխան գործողությունների պլան, դոկտրին մշակեն, որպեսզի սահմանադրական բարեփոխումներին զուգընթաց պարզ դառնա, թե ինչպիսի կառուցակարգերով պետք է աշխատեն մեր հասարակության քաղաքական գիտելիքների բարձրացման ուղղությամբ»:
Մեր զրուցակիցը հավելեց, որ եթե սահմանադրության մեջ կատարվեն միայն տեքստային փոփոխություններ, որոնք հասարակությունը չի ընկալի, ապա ոչ մի դրական արդյունք չի գրանցվի, քանի որ սահմանադրությունը առաջին հերթին հասարակության համար է:
Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 4-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու մասին հրամանագիր է ստորագրել:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան