«Երկնքից երեք խնձոր ընկավ...». հայերեն բարբառներով կներկայացվեն տարբեր ազգերի հեքիաթներ
Հովհաննես Թումանյանի թանգարանը սեպտեմբերի 20-22-ը կանցկացնի «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրեցին մշակույթի նախարարությունից:
Փառատոնի նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունը՝ որպես բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց, խրախուսել բանավոր խոսքի մշակույթի զարգացումը: Փառատոնը նպաստում է նաև հայերենի այն բարբառների կիրառմանը, որոնք այսօր հնարավորություն չունեն կենցաղավարելու իրենց պատմաաշխարհագրական հայրենիքում /Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի բարբառներ/:
«Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի մարզերը, ՀՀ-ում բնակվող քրդական, վրացական, գերմանական, եզդիական, լեհական համայնքները, Սիրիայի, Լիբանանի, Վրաստանի, ինչպես նաև՝ արևմտահայ համայնքի ներկայացուցիչներ: Մասնակիցները հայերեն բարբառներով կներկայացնեն բելառուսական, գերմանական, ճապոնական, ռուսական, վրացական, իռլանդական, անգլիական, բուլղարական, ֆրանսիական հեքիաթներ:
2013 թ. «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄ-ի /Թանգարանների միջազգային կոմիտե/ գագաթնաժողովի շրջանակներում իրականացվող ՍԵԿԱ-ի /ԻԿՕՄ-ի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտե/ հայտարարած «Լավագույն փորձ» մրցույթում (Best Practice AWARD)՝ ընդգրկվելով «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում: