Երևանյան Weekend. Ո՞ւր գնալ, ինչ դիտել ու վայելել
Սեպտեմբերը միշտ համարվել է մշակութային կյանքում ամենահարուստ ամիսներից մեկը և հաշվի առնելով աֆիշների բազմազանությունը, դա ամենևին էլ չափազանցություն չի: Տեսնենք, թե ինչ են առաջարկում մշակութային օջախները առաջիկա երկու օրերին` երևանյան հերթական weekend-ին:
Թատերաշրջանը հայտարարված է բացված. Սա նշանակում է, որ առաջիկա երկու օրերին քմահաճ հանդիսատեսը հաստատ կգտնի իր քիմքին հարիր ինչ-որ ներկայացում` լինի դա կատակերգություն, թե դասական դրամա: Այդպես, Երևանի Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում այսօր` սեպտեմբերի 14-ին կարելի է դիտել Նարեկ Դուրյանի վաղուց սիրված «Սե Լա Վի» ներկայացումը: Ոչ պակաս սիրված մեկ այլ ներկայացում, որն արդեն դիտել են երևանցիների մի քանի սերունդ, այսօր սպասվում է նաև Երևանի պետական կամերային թատրոնում` Արա Երնջակյանի «Կաբարե»,-ն կրկին բեմում է:
Իսկ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում այսօր կարելի է դիտել Հրանտ Մաթևոսյանի «Ծառերը» մոնոներկայացումը:
Փոքրիկների համար ներկայացում է սպասվում Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնում վաղը` սեպտեմբերի 15-ին: Մանկական ներկայացումը հենց այդպես էլ կոչվում է` «Հեքիաթներ» 3-93 տարեկան երեխաների համար: Փոքրիկներին այսօր և վաղը սպասում են նաև տիկնիկային թատրոնում` «Ծուղրուղու» և «Թզուկի երգը» ուրախ ներկայացումներով:
Իր հյուրընկալ դռներն այսօր ժամը 19.00-ին դասական երաժշտության սիրահարների առջև կբացի նաև Արամ Խաչատրյան համերգասրահը, որտեղ շարունակվում է Երևանյան 7-րդ Միջազգային երաժշտական փառատոնը՝ նվիրված Արամ Խաչատրյանի ծննդյան 110 ամյակին: Միջոցառումը հենց այդպես էլ կոչվում է «Խաչատրյանական երաժշտության երեկո. Նարեկ Հախնազարյան և Բորիս Բրովցին»` վաստակավոր կոլեկտիվ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբի ուղեկցությամբ: Իսկ ծրագրում՝ Ա.Խաչատրյան «Կոնցերտ – ռապսոդիա թավջութակի և նվագախմբի համար» և «Ջութակի կոնցերտ»:
Նշենք, որ համերգասրահը վաղը նույնպես սպասում է դասական երաժշտության սիրահարներին. Նույնանուն փառատոնի շրջանակում սեպտեմբերի 15-ին կկայանա Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբի և բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր Սերգեյ Խաչատրյանի (ջութակ) համերգը:
Panorama.am-ը «մշակութախույզն» իրականացրեց Toms.am կայքի աջակցությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները