Հայաստանում մեկ շնչի հաշվարկով մսի սպառումը մեկուկես անգամ ավելի բարձր է քան Ադրբեջանում
«Զարգացած երկրների մեծ մասում մեկ անձն օրական միջինում 100 գրամ սպիտակուց է սպառում: Ադրբեջանում այդ ցուցանիշը 75 գրամ է», - այդ մասին հայտնել է Ադրբեջանի գյուղատնտեսության նախարարության արտադրության, վերամշակման, անասնաբուծական արտադրանքի և արոտավայրերի հարցերով բաժնի պետ Չինգիզ Ֆարաջևը, հաղորդում է «Ռադիո Ազատության» ադրբեջանական ծառայությունը:
«Դա նորմալ է», - հայտարարել է պաշտոնյան` կոչ անելով մեծացնել մսի արտադրությունը երկրում:
Սպիտակուցային արտադրանքի, մասնավորապես մսի, մակարդակը համարվում է կենսամակարդակի ցուցանիշներից մեկը: Զարգացած երկրներում մեծ թվով սպիտակուցային ապրանքներ են սպառվում, նշված է հրապարակման մեջ:
Ըստ Ֆարաջևի` Ադրբեջանում նախորդ տարի արտադրվել է 117 հազար տոննա տավարի, 80 տոննա ոչխարի, 4 հազար տոննա խոզի և ավելի քան 87 հազար տոննա թռչնի միս: Ֆարաջևը նշել է, որ ըստ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության` մարդ պետք է տարեկան միջինում 73 կգ միս օգտագործի:
«Սակայն ըստ Ադրբեջանում նվազագույն սպառողական զամբյուղի` յուրաքանչյուր անձ օգտագործում է 20,5 կգ միս: Այդ իսկ պատճառով մենք պետք է միջոցներ ձեռնարկենք մսի սպառման ցուցանիշը բարձրացնելու համար», - ասել է նա:
Սպիտակուցների (պրոտեինների) մեծ քանակ են պարունակում տավարի, ոչխարի և խոզի միսը, ձուկը, ձկնկիթը, թռչնամիսը, ձուն, պանիրը և կաթնաշոռը: Ցածր զարգացվածության մակարդակ ունեցող կամ աղքատ երկրների բնակիչները տառապում են սննդի մեջ սպիտակուցների անբավարար քանակից, գրում է «Ռադիո Ազատությունը»:
Նշենք, որ Չինգիզ Ֆարաջևի հայտարարած տվյալների համաձայն` Ադրբեջանում մսի սպառումը կազմում է 288 հազար տոննա կամ 30,8 կգ երկրի մեկ քաղաքացու հաշվարկով (եթե հիմնվենք պաշտոնապես հայտարարված բնակչության թվի վրա):
Հատկանշական է, որ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2012թ. երկրում մսի սպառումը կազմել է 136 հազար տոննա (ոչ ներառյալ ձկան սպառումը): Մեկ շնչի հաշվարկով այն կազմում է տարեկան 45,5 կգ միս, որը 47%-ով ավելի շատ է քան Ադրբեջանում: