Պտուղ-բանջարեղենի արտահանման ծավալները աճել են
Սեպտեմբերի 9-ից հանրապետությունում մեկնարկել են խաղողի մթերման աշխատանքները: Ինչպե Panorama.am-ին հայտնեց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, 4 օրվա ընթացքում ընկերությունների կողմից մթերվել է մոտ 8 հազար տոննա խաղող:
Հիմնական մթերումները կատարել են Երևանի կոնյակի գործարանը` 4398 տոննա, «Վեդի Ալկո» ընկերությունը` 94 տոննա, «Վան 777» գինու-կոնյակի գործարանը` 236 տոննա, Երասխի գինու գործարանը` 200 տոննա, «ՄԱՊ»-ը` 113 տոննա, «Սամկո» ՍՊԸ-ն` 2120 տոննա, «Տիեռաս դե Արմենիա» գինու գործարանը` 139 տոննա, «Արմենիա վայն»-ը` 580 տոննա, «Գոլդն Գրեյպ Արմաս»-ը` 64 տոննա: Խաղողը մթերվում է 145 դրամով:
Ինչ վերաբերում է պտուղ-բանջարեղենի մթերմանը, փոխնախարարը նշեց, որ Հայաստանի պտուղ-բանջարեղեն վերամշակող ընկերությունները հոկտեմբերի 13-ի դրությամբ արդեն մթերել են 30 500 տոննա պտուղ-բանջարեղեն:
Արտահանման ծավալները նույնպես շեշտակի աճել են՝ անցած ամբողջ տարվա 31 300 տոննայի դիմաց այս պահին արդեն արտահանվել է շուրջ 40 900 տոննա պտուղ-բանջարեղեն, որից 23300-ը` ծիրան (2012թ-ին` 12 600 տոննա), կարտոֆիլ` 7900 տոննա (2012թ-ին` 1137 տոննա), խաղող` 2200 տոննա (2012թ-ին` 1900 տ.), դեղձ` 900 տոննա (2012թ-ին` 690 տոննա), գազար` 735 տոննա (2012թ-ին` 50 տոննա):
Հայկական պտուղ-բանջարեղենի մեծ մասը` 34 400 տոննան արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, 5500 տոննա` Վրաստան, 670 տոննա` Ուկրաինա: