Վրաստանի 103-րդ դպրոցի հայալեզու առաջին դասարանն այս տարի 10 աշակերտ ունի
Վրաստանի 103-րդ հանրային դպրոցի հայալեզու առաջին դասարան այս տարի 10 աշակերտ է ընդունվել: Այս մասին հայտնում են Վրաստանի հայերի միությունից: Մայիս ամսին 16 ծնող ցանկություն էր հայտնել իր երեխային տանել հայալեզու դասարան, սական դպրոցի ուսմասվար Հասմիկ Պապիկյանի խոսքով, ծնողների մի մասը վերջին րոպեին մտափոխվել է երեխաներին տանել այդ դպրոց:
«Ուզում եմ ասել, որ այն ծնողները, որոնց երեխաները այսօր սովորում են հայալեզու բաժնում, հավանաբար իրենց երեխաներին տեղափոխեն այլ դպրոց: Երկլեզու դասագրքերը բաժանվեցին դասարաններում և ծնողներն այս փաստի վերաբերյալ արտահայտեցին իրենց դժգոհությունը: Նրանք ասում են, որ չեն տիրապետում հայոց լեզվին և այս դասագրքերով չեն կարող օգնել իրենց երեխաներին: Պատրաստվում ենք դիմել նախարարությանը, որպեսզի փոխեն դասագրքերը վրացերեն դասագրքերով»,- Վրաստանի հայերի միությանն ասել է նա:
Միության հետ զրույցում ծնողներից որևէ մեկը չի հաստատել այն, որ դժգոհ են դասագրքերից, մանավանդ ոչ ոք չի ասել, որ գերադասում են վրացերեն դասագրքեր: Դպրոցի ուսմասվար Հասմիկ Պապիկյանի խոսքով` դպրոցը հայոց լեզվի և գրականության դասագրքեր չի ստացել, իսկ համակարգիչները, որոնք պետական ծրագրի շրջանակներում պետք է տրվի յուրաքանչյուր առաջին դասարանցու, արդեն ստացել են, բայց դեռ չեն բաժանել աշակերտներին: Առաջին դասարանցիների համար նախատեսված համակարգիչներում բեռնված են միայն վրացերեն լեզվով ուսումնական ծրագրեր: Վրաստանի Կրթության և գիտության նախարարությունը մինչ օրս քննարկում է 110-րդ դպրոցի դեօպտիմալացման հարցը:
Վրաստանի հայերի միության տարածած հայտարարության մեջ նշում է նաև 103-րդ հանրային դպրոցի հայալեզու առաջին դասարանի աշակերտների համար նախատեսված դասասենյակը 8քմ մակերեսով նեղ սենյակ է, որը ծնողներին մեկուսարան է հիշեցրել: Սենյակն այնքան փոքր է, որ նույնիսկ անհնար է պատից գրատախտակ կախել և այն հենած է միակ պատուհանին: Առաջին դասարանի դասղեկ Լուիզա Մուրադյանը վստահեցրել է, որ մեկ ամիս հետո առաջին դասարանցիները կտեղափոխվեն ավելի լավ պայմաններով դասասենյակ: