Մանկաբույժ-ալերգոլոգ. Խաղալիքների ընտրության հարցում հիմնական պատասխանատվությունն ընկնում է ծնողների վրա
Հայաստանում չի գրանցվել խաղալիքներից թունավորման դեպքեր, թեև ծնողները պետք է շատ զգույշ լինեն: Այս մասին ասուլիսում ասաց «Հայաստանի սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա նշեց, որ փոքրիկ խանութներում, գետնացումներով վաճառվող խաղալիքներն ավելի էժան են, բայց որքան խանութը մեծ է լինում ու սոլիդ, այնքան ավելի վստահություն կա այնտեղ վաճառվող իրերի, այդ թվում խաղալիքների նկատմամբ:
Սպառողների պաշտպանի խոսքով, պետք է ծնողներն անպայման ուշադրություն դարձնեն, թե արդյոք խաղալիքները սերտեֆիկացված են: «Մեզ քիչ են դիմում խաղալիքների հետ կապված բողոքներով, բայց հիմնականում բողոքում են հենց մակնշումից, որը կամ պատշաճ մակարդակով չի լինում, կամ այլ լեզվով է լինում»,- ասաց Ա. Պողոսյանը:
Մանկաբույժ-ալերգոլոգ Աստղիկ Բաղդասարյանն ասաց, որ խաղալիքների ընտրության հարցում հիմնական պատասխանատվությունն ընկնում է ծնողների վրա: Նրա դիտարկմամբ, խաղալիքները պետք է ոչ միայն չվնասեն երեխաներին, այլ նաև նպաստեն երեխաների զարգացմանը:
Ըստ մանկաբույժ-ալերգոլոգի, խաղալիքները նախ պետք է համապատասխանեն երեխայի տարիքին, պատրաստված չլինեն այնպիսի նյութերից, որոն վնասեն երեխաների առողջությանը:
Ա. Բաղդասարյանի խոսքով, երեխաների խաղալիքների վրա պետք է անպայման գրված լինի՝ TVS free, քանի որ այդ նյութերը վնասակար են երեխաների առողջության վրա: «Նաև մեծ տարիքի երեխաների խաղալիքներն էլ պետք է զերծ լինեն TVS նյութերից, որոնք կարող են առաջացնել վաղաժամ հասունություն»,- ասաց մանկաբույժը:
Նա ընդգծեց, որ պետք է յուրաքանչյուր տարիքի երեխայի համար համապատասխան խաղալիք ընտրել: