Ուրախ եմ, որ պաշտոնավարումս ավարտում եմ. Ռուբեն Սահակյանը հեռացավ ծափահարությունների ներքո (տեսանյութ)
Փաստաբանների պալատի նախագահի ընտրություններում ՓՊ գործող նախագահ Ռուբեն Սահակյանի համար նման ակտիվ մասնակցությունն սպասելի էր: «Ես ի սկզբանե ասել եմ, որ 900 մարդ կմասնակցի ընտրություններին», -ՓՊ նախագահի ընտրություննրում քվեաթերթիկների հաշվարկից, արդյունքների մասին արձանագրությունը կազմելուց հետո հայտարարեց Ռուբեն Սահակյանը:
Նրա համար սակայն, տարօրինակն այն է, որ թեկնածու Կրոմվել Գրիգորյանը քիչ` 87 ձայն է հավաքել: «Ես պարտվել եմ, ես ավելի քիչ ձայն էի նախատեսել իր համար. Սխալվել եմ մի քանի ձայնով` 38 ձայն պակաս եմ հաշվել: Ավելի շատ ձայն էի նախատեսել Կրոմվել Գրիգորյանի համար, բայց հակառակ պատկերը ոնց որ ստացվեց: Չեմ հասկանում, թե ինչու են Կրոմվել Գրիգորյանի ձայները քիչ: Նա պետք է ավելի շատ ստանար», -փորձում էր հասկանալ Ռուբեն Սահակյանը:
ՓՊ գործող նախագահը շնորհակալություն հայտնեց բոլորին անկեղծ ու առանց կեղծիքների ընտրություն կազմակերպելու համար և ասաց, որ ուրախ է, որ հեռանում է ՓՊ նախագահի պաշտոնից:
«Ցավում եմ, որ որոշակի տհաճ երևույթներ եղան, շատ եմ ցավում: Կարծում եմ, որ ընտրություններն անցել են առանց խափանումների, կեղծիքների ու զարտուղի գործողությունների: Մեր ընտրությունների ժամանակ երբեք նման բան չի եղել և համոզված եմ, որ այդպես կլինի շարունակ: Շատ ուրախ եմ, որ պաշտոնավարումս ավարտում եմ: Ոչ թե նրա համար, որ ուզում եմ պրծնել Ձեզանից, այլ նրա համար, որ նոր լիցք է տրվելու Պալատին նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ միայն դրականն է լինելու նոր նախագահի գալստյան հետ», -հայտարարեց Ռուբեն Սահակյանը և ընտրատեղամասից հեռացավ Հաշվիչ հանձնաժողովի անդամների ու թեկնածուների վստահված անձանց ծափահարությունների ներքո:
Նշենք, որ Ռուբեն Սահակյանը կպաշտոնավարի մինչև հոկտեմբերի 3-ը և հոկտեմբերի 4-ից Պալատի նախագահի պաշտոնը կստանձնի նորընտիր նախագահ Արա Զոհրաբյանը: Պաշտոնից հեռանալուց հետո Սահակյանը մտադիր է փաստաբանական ակտիվ գործունեությամբ զբաղվել, որի ընթացքում ինչպես ինքն ասաց 30 տոկոս գործերը կվարի անվճար: Նա նաև ասաց, որ իր արտոնագրի թիվը կփոխի և որպես ակտիվ փաստաբան կշարունակի աշխատել թիվ 13 արտոնագրի ներքո: Նշենք, որ նրա արտոնագիրը թիվ 1-ն էր:
ՓՊ նախագահի ընտրություններում Արա Զոհրաբյանը ստացել էր 713 քվե, Տիգրան Աթանեսյանը` 94, իսկ Կրոմվել Գրիգորյանը` 87:
Քվեաթերթիկների հաշվարկն ամբողջությամբ դիտեք տեսանյութում: