«Եվրոպայում վաճառվող հայկական գինիներից եկամուտն ավելի շատ է, քան Ռուսաստանում վաճառվող 2 շիշ կոնյակից». Ավագ Հարությունյան
«Չեմ կարող ասել` Մաքսային միություն մտնելու դեպքում ինչքանո՞վ կշահի կամ կտուժի մեր գինեգործությունը, սակայն, այս հարցում պետք է տարանջատել գինին և կոնյակը. նախ` խաղողի մթերման 90 տոկոսը հատկացվում է կոնյակի արտադրությանը, իսկ կոնյակի 90 տոկոսը արտահանվում է Մաքսային միության երկրներ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նշեց Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:
«Հետևաբար, այս առումով մենք որևէ էական փոփոխություն չենք տեսնի, բայց պետք է նկատենք, որ Ասոցացման համաձայնագրով թույլատրվել էր Հայաստանի շուկայում 10 տարի` 2013-2023թթ-ը օգտագործել կոնյակ բառը, հիմա դրա մասին պետք է մոռանանք, ավելին՝ ռուսական շուկայում կոնյակ բառի իրավունքը կապված է ֆրանս-ռուսական հարաբերությունների հետ: Այսինքն` ամեն վայրկյան նրանք կարող են գալ ընդհանուր մի հայտարարի, իսկ այս պարագայում Մաքսային միությունում մեր լինել, կամ` չլինելը, պատկերացնում եք արդեն ինչ հետևանքներ կարող է ունենալ»,- ասաց Ա.Հարությունյանը:
Նա միաժամանակ նշեց, որ եթե Հայաստանը Մաքսային միությունում չլինի, ապա հայկական կոնյակը ոչ ոքի պետք չի լինի այն ծավալով, որ արտահանվում է Հայաստանում:
Ինչ վերաբերում է գինու արտահանմանը, ապա այստեղ խնդիրը, ըստ Ա.Հարությունյանի, ավելի բարդ է: «Կունենանք հաստատուն, ստաբիլ աճ ռուսական շուկայում, բայց հնարավոր է գինեգործության մեջ շեղվենք եվրոպական արժեքային համակարգից, իսկ գինեգործության մեջ եվրոպական արժեքների ներդրումը նշանակում է, որ 1 շիշ գինուց ստանալ ավելի շատ եկամուտ, քան 2 շիշ կոնյակից»,- նշեց Ա.Ավագյանը` հավելելով, որ Եվրոպայում վաճառվող գինիներից եկամուտն ավելի շատ է, քանի որ մեկ շիշ գինին այնտեղ հնարավոր է վաճառել 15-20 դոլար:
Նա նաև նշեց, որ հայկական գինու 35 տոկոսը արտահանվում է եվրոպական շուկա: