ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է սերտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, բայց ոչ ի վնաս ՌԴ հետ մեր դաշնակցային հարաբերությունների
«Հայաստանը, Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել և շարունակում է ասել, որ պատրաստ է հնարավորինս սերտ, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների։ Եվ հենց այդ համատեքստում է հարկավոր դիտարկել Հայաստանի որոշումը անդամակցել Մաքսային միությանը»,-այս մասին հայտարարել է աշխատանքային այցով Վարշավայում գտնվող Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը` Լեհաստանի ԱԳ նախարար Ռադոսլավ Սիկորսկու հետ հանդիպման ժամանակ:
ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ, Էդվարդ Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել համակողմանի փոխգործակցությունը Եվրոպական միության հետ հնարավոր բոլոր ուղղություններով։ Նախարարի խոսքով, կարևոր է առաջ մղել Հայաստան- Եվրոպական միություն հարաբերությունները՝ հիմնվելով վերջին տարիներին համատեղ արձանագրած առաջընթացի և արդյունքների վրա։
Էդվարդ Նալբանդյանը լեհ գործընկերոջը տեղեկացրել է նաև ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերի վերաբերյալ։