ԱԳՆ. Չենք կարծում, որ հաճոյանալու համար որևէ երկրի պատասխանատու անձ կարող է անպատասխանատու հայտարարություն անել
Չենք կարծում, որ ինչ-որ ադրբեջանական լոբբիստական կազմակերպությանը հաճոյանալու համար որևէ երկրի պատասխանատու անձ կարող է անպատասխանատու հայտարարություն անել, որը կարող է միմիայն վնաս հասցնել բանակցային գործընթացին:
Նման կարծիք է հայտնել ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին, թե ինչ կասեք ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունների մասին, ըստ որոնց Ռումինիայի արտգործնախարարը, ադրբեջանական լոբբիստական կառույցի հարցմանն ի պատասխան, իբրև թե հանդես է եկել տարօրինակ հայտարարությամբ, որն աղավաղում է ղարաբաղյան հիմնախնդրի և դրա կարգավորման գործընթացի էությունը։
«Դժվար է հավատալ, որ ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության որևէ անդամ երկրի բարձրաստիճան պաշտոնյա կարող է հանդես գալ ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ հայտարարությամբ, որը հակասում է թե ԵԱՀԿ-ի, թե ԵՄ-ի մոտեցումներին, նաև ակնհայտորեն հակասում է համանախագահ երկրների ղեկավարների՝ Ռուսաստանի, Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի նախագահների մակարդակով ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ վերջին հինգ տարիների ընթացքում արված հինգ հայտարարություններին»,-ավելացրել է ԱԳՆ մամուլի խոսնակը: