Անիի վարդագույն տուֆը Մոսկվայի կենտրոնում. Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցին այսօր կօծվի (լուսանկարներ)
Հաշված ժամեր անց Մոսկվայի հայության համար տեղի կունենա կարևոր մի իրադարձություն, որին` և այս մասին կարելի է վստահաբար պնդել, երկար են սպասել թե' տեղի հայ համայնքը, թե' ողջ հայությունը. ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությամբ և Ամենայն Հայոց Գարեգին Բ Կաթողիկոսի օրհնությամբ կօծվի Մոսկվայի Հայոց առաջնորդանիստ եկեղեցին ու կբացվի եկեղեցական համալիրը, որի շինարարությունն ընդհատումներով տևեց ավելի քան տասը տարի: Բայց ժամանակն, անշուշտ, արդարացրեց բոլոր սպասումները. եկեղեցական համալիրը, որը կառուցված է բաց ծիրանագույն, իսկ Մայր Տաճարը` Հայոց պատմական մայրաքաղաք Անիին հարակից քարհանքերից բերված վարդագույն տուֆով, իր մեջ պարունակում է մի խորհուրդ, որը հասկանալու ու ըմբռնելու համար հարկավոր է ՀԱՅ լինել:
Մոսկվայի հայկական եկեղեցական համալիրի կառուցման համար հողհատկացում կատարվել է դեռևս 1996 թ-ին, շինարարության առաջին փուլը մեկնարկել է 2000-ականների սկզբին, սակայն դադարեցվել: 2004 թ-ին Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի օրհնությամբ նոր նախագծի մշակումը հանձնարարվում է ճարտարապետ Արտակ Ղուլյանին, այն քննարկվում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ճարտարապետական խորհրդում` մասնակցությամբ Վեհափառ Հայրապետի, ապա նաև Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Ա.Վ. Կուզմինի գլխավորած ճարտարապետական խորհրդում ու արժանանում բարձր գնահատանքի: Եվ 2006թ-ից սկսվում են բուն շինարարական աշխատանքները:
Նոր նախագծով կառուցված եկեղեցին, որը գտնվում է Օլիմպիական և Տրիֆոնովյան փողոցների խաչմերուկում, զգալիորեն խոշոր է նախորդ կիսակառույցից` համալիրը զբաղեցնում է 1.32 հա տարածք, իսկ եկեղեցու ընդհանուր բարձրությունը խաչով 58 մետր է, աղոթասրահն էլ իր չափերով տարողունակ է` այստեղ կարող է տեղավորվել մոտ հազար մարդ:
Համալիրն ընդգրկում է Մայր տաճարը, Ս. Խաչ եկեղեցին, առաջնորդարանի շենքը, կրթամշակութային, վարչական և հյուրանոցային մասնաշենքերը, ունի սեղանատուն, հանդիսությունների սրահներ, թանգարան և օժանդակ այլ կառույցներ: Ու թեև համալիրը գտնվում է բավականին աղմկոտ փողոցի վրա, բնակելի շենքերի հարևանությամբ, այդուհանդերձ եկեղեցական բակի դիրքն այնպիսին է, որ անմիջապես առանձնացնում է քեզ աշխարհիկ կյանքի աղմուկից: Դե իսկ Տաճարի ներսում առհասարակ մոռանում ես, որ բացի քեզնից ու հոգևոր այդ արժեքից այլ բան գոյություն ունի` Տաճարի գմբեթի տակ պատկերված է Հիսուս Քրիստոսը, չորս խորաններում հայոց քրիստոնեական կյանքը հիմնավորած յուրօրինակ որմնապատկերներ են, աջ կողմում երևում է Արարատ լեռն ու դիմացը կանգնած Նոյը, Ս. Սեղանի վերնամասում պատկերված է Տիրոջ էջքը և Մայր Աթոռ Ս. Էջմիածնի հիմնադրումը: Բացի այս, որմնանկարներից մեկի վրա կարելի է տեսնել 301թ-ին հայ ժողովրդին մկրտող Գրիգոր Լուսավորիչին, իսկ մի փոքր այն կողմում նաև 5-րդ դարի երկու հանճարներին` Ս.Մեսրոպ Մաշտոցին ու Ս. Սահակ Պարթևին:
Եկեղեցական համալիրը կառուցվել է բացառապես բարեգործական միջոցներով` «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի, Սբերբանկ-CIB-ի համաղեկավարն Ռուբեն Վարդանյանի, «Արչ Լիմիթեդ» ընկերության նախագահ Վիտալի Գրիգորյանցի և այլոց միջոցներով: Համալիրում տեղադրված է նաև հայ և ռուս ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող հուշաքար:
Նշենք, որ օծման արարողությանը ներկա է գտնվելու նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը, ՀՀ և ՌԴ բարձրաստիճան այլ այրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին