Տ. Բալայան. Պաշտոնապես հայտնում եմ, բառացիորեն ասել է այն, ինչ ներկայացված է ԱԳՆ հաղորդագրության մեջ
«Պաշտոնապես հայտնում եմ. ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Լեհաստանի իր գործընկերոջ Ռադոսլավ Սիկորսկու հետ երեկ կայացած հանդիպմանը խոսելով Հայաստանի և Ռուսաստանի միջև հաբարերությունների մասին, բառացիորեն ասել է այն, ինչ ներկայացված է հանդիպման արդյունքներով ՀՀ ԱԳՆ կողմից հրապարակված հաղորդագրության մեջ»,-Panorama.am-ին ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը` անդրադառնալով նախարարների հանդիպման վերաբերյալ Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրությանը:
Բալայանը կրկնեց ՀՀ ԱԳՆ տարածած հաղորդագրությունում Է. Նալբանդյանի խոսքերը.
«Հայաստանը, Արևելյան գործընկերության նախաձեռնության հենց սկզբից, անգամ դրանից առաջ, ասել և շարունակում է ասել, որ պատրաստ է հնարավորինս սերտ, հնարավորինս ընդլայնված հարաբերություններ ունենալ Եվրամիության հետ, մոտ լինել Եվրամիությանն այնքան, որքան դա հնարավոր կլինի Եվրամիությանը, բայց ոչ ի վնաս և ի հաշիվ Ռուսաստանի հետ մեր դաշնակցային հարաբերությունների։ Նաև այդ համատեքստում պետք է դիտարկել Հայաստանի որոշումը անդամակցել Մաքսային միությանը»:
Ըստ Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության, Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է հնարավորինս խորացնել իր համագործակցությունը ԵՄ-ի հետ, «սակայն չի կարող այն ուղղվել Ռուսաստանի շահերի դեմ»: Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Ռուսաստանը անդամակցում են ռազմական դաշինքին, ունեն հատուկ տնտեսական համագործակցություն` հատկապես էներգետիկայի ոլորտում, ինչն արդարացնում է Մոսկվայում արված ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` Մաքսային միությանը միանալու ցանկության մասին: Հանդիպման ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց, որ Հայաստանը կշարունակի իր համագործակցությունը ԵՄ-ի հետ` որքանով դա հնարավոր եւ իրատեսական կլինի», - ասված է Լեհաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ:
Նախորդող հրապարակում`
ԱԳՆ. Հայաստանը պատրաստ է սերտ հարաբերություններ ունենալ ԵՄ-ի հետ, բայց ոչ ի վնաս ՌԴ հետ մեր դաշնակցային հարաբերությունների