Խորվաթիայում ավելի քան 40 հազար բուժաշխատող գործադուլ է անում
Խորվաթիայում այսօր հազարավոր բուժաշխատողներ գործադուլ են հայտարարել` պահանջելով արտաժամյա աշխատանքի և հերթապահության համար բարձրացնել աշխատավարձերը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում կատարելով խորվաթական ԶԼՄ-ներին:
Արհմիությունների տվյալներով` ստացիոնար բուժհաստատությունների աշխատակազմի 70 տոկոսը գործադուլ է հայտարարել: Դա նշանակում է, որ բողոքի ակցիային մասնակցում են ավելի քան 40 հազար բժիշկներ և բուժքույրեր: Առաջին բուժօգնության և շտապ օգնության ծառայություններն աշխատում են իրենց սովորական ռեժիմով:
Ըստ նախնական տվյալների` գործադուլը կարող է տևել մեկ շաբաթ: Արհմիությունների և առողջապահության նախարարության ներկայացուցիչների միջև բանակցությունները դեռևս ապարդյուն են եղել:
Բուժքույրերի և տեխնիկների արհմիությունների նախագահ Անիցա Պրաշնյակը Index.hr ինտերնետ-պորտալին ասել է, որ իրենք տարեկան աշխատում են 300-500 հավելյալ ժամ, ամեն մեկը հինգ հոգու փոխարեն է աշխատում, պետությունն իրենց հաշվին միլիոններ և միլիարդներ է խնայում:
ԶԼՄ-ների տվյալներով` բուժհաստատությունների շատ հաճախորդներ այս օրերին կարող են բազմաթիվ խնդիրների առջև կանգնել` մասնավորապես մեծ հերթեր կգոյանան վիրաբուժական բաժիններում: Խորվաթիայի առողջապահության նախարարությունը ապօրինի է համարում գործադուլավորների պահանջները, և զգուշացնում` կատարել հիմնական ախտորոշիչ գործողություններն ու ուսումնասիրություննրը` արտակարգ իրադրություններից խուսափելու նպատակով: