Իրանցի գեներալ. Ադրբեջանը գտնվում է Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի տարանցման ճանապարհին
«Իրանը փաստեր չունի, որոնք կհաստատեն, թե Ղարաբաղի տարածքը օգտագործվում է թմրանյութերի տարանցման համար»,-այդ մասին ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալության պարսկերեն բաժնին տված հարցազրույցում նշել է ԻԻՀ սահմանապահ ծառայության հրամանատար, գեներալ Հոսեյն Զոլֆաղարին:
Իրանի սահմանապահ ծառայության հրամանատարը, լրագրողի այն հարցին, թե Լեռնային Ղարաբաղի տարածքից արդյո՞ք թմրանյութի մաքսանենգության դեպքեր արձանագրվել են, կամ այնտեղից մարդիկ անօրինական մուտք են գործել Իրանի տարածք, մասնավորապես պատասխանել է. «Շատ հազվադեպ են նման դեպքեր պատահում: Այդ հարցում մենք լուրջ խնդիր չունենք, իսկ ինչ վերաբերում է թմրանյութերի տարանցմանը, ապա հնարավոր է, որ հակառակ կողմի սահմանյին հսկողությունը թույլ լինի, սակայն մենք փաստեր չունենք, որոնք կհաստատեն, թե Ղարաբաղի տարածքը օգտագործվում է թմրանյութերի տարանցման համար»:
Շարունակելով խոսքը՝ գեներալ Զոլֆողարին պատասխանել է. «Իրանի սահմանապահների և հակառակ կողմի՝ Ղարաբաղի սահմանապահների միջև դիվանագիտական կապեր չկան: Հուսով ենք, որ շուտով խնդիրը կլուծվի և հարաբերություններ կհաստատվեն»:
Իրանական «ԻՌԻԲ» լրատվական գործակալությունն էլ հաղորդում է, որ ԻԻՀ սահմանապահ ծառության հրամանատարը Բաքվում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով թմրանյութերի մաքսանենգության դեմ պայքարում Իրանի ձեռք բերած հաջողություններին, մասնավորապես նշել է. «Ադրբեջանը գտնվում է Աֆղանստանից Եվրոպա թմրանյութերի տարանցման ճանապարհին: Եթե թմրանյութերի դեմ պայքարում Իրանի գործուն քայլերը չլինենին, ապա Կովկաս և Ադրբեջան տասնյակ տոննա թմրանյութ մուտք կգործեր»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում