Գերմանացի պատգամավորին Բաքուն մերժում է` վկայակոչելով Արցախ կատարած այցելությունը
Ադրբեջանի իշխանությունները մերժել են Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Քրիստոնեա-դեմոկրատական միության անդամ Յուրգեն Կլիմկեի` նախագահական ընտրություններին հետևելու նպատակով Բաքու այցելելու դիմումը: Այս մասին տեղեկացնում է գերմանական «Համբուրգեր աբենդբլաթ» պարբերականը:
Աղբյուրի համաձայն` Բաքվի իշխանություններն իրենց որոշումը հիմնավորել են փաստով, որ Յուրգեն Կլիմկեն «ապօրինի այցելություն» է կատարել Լեռնային Ղարաբաղ և գտնվում է Ադրբեջանի «սև ցուցակում»:
Աղբյուրը նշում է, որ իսկապես օրերս Հայաստանում այցելության ընթացքում Յուրգեն Կլիմկեն այցելել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն և հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:
«Այժմ Ադրբեջանը մերժում է համբուրգցի քաղաքական գործչին: Կլիմկեն ցանկանում էր հոկտեմբերի կեսերին այցելել` հետևելու կովկասյան այդ ավտորիտար երկրում կայանալիք ընտրություններին»,- նշում է թերթն ու տեղեկացնում, որ ադրբեջանական դեսպանատնից մերժման դիմում է ստացվել: Ադրբեջանի դեսպանատնից «Համբուրգեր աբենդբլաթին» հայտնել են, որ «այդ պատժամիջոցը կիրառվում է ոչ միայն Կլիմկեյի նկատմամբ, այլև այն բոլոր անձանց, ովքեր առանց Ադրբեջանի թույլտվության կայցելեն Լեռնային Ղարաբաղ»:
Թերթն անդրադարձել է ղարաբաղյան հիմնախնդրին` նշելով, որ հայերով բնակեցված տարածաշրջանը 1920-ականներին Խորհդային Միության կողմից մտցեվլ է Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ, սակայն անկախության շրջանում Լեռնային Ղարաբաղն հայտարարել է իր անկախությունը: Դրան, ըստ թերթի, հետևել են նախկին ԽՍՀՄ տարածքում առաջին պատերազմական գործողությունները, որին զոհ են գնացել 50 հազար անձինք, իսկ մեկ միլիոն հայեր ու ադրբեջանցիներ փախստական են դարձել:
Անցած ամառ Ադրբեջանի արտգործխնախարարությունը հրապարակել էր իր կողմից վարվող «սև ցուցակը»: Այնտեղ ընդգրկված են մի քանի հարյուր օտարերկրյա հասարակական, քաղաքական, մշակութային գործիչներ, լրագրողներ, որոնց մուտքն Ադրբեջան արգելված է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա