Ս. Օհանյան. «Առանց գիտելիքի չենք կարող ապահովել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի ազատությունը, անկախությունն ու անվտանգությունը»
«Մեզանից յուրաքանչյուրը մեր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ պետք է անի, որպեսզի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ազատությունը հավերժ լինի, անկախությունը` հաստատուն, և որպեսզի կարողանանք ապահովել մեր երկրի զարգացումը, իսկ այդ ամենն առանց գիտելիքի, կրթության և գիտության մենք չենք կարող իրականացնել: Առանց խելացի պաշտպանության` մենք չենք կարող ապահովել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը»,- այսօր Երևանի պետական համալսարանի ուսանողների և պրոֆեսորա-դասախոսական կազմի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նա կարևորեց բանակի ու կրթական, գիտական հաստատությունների միջև կապը և փաստեց, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը պատասխանատու է Հայաստանի անվտանգության ապահովման համար, հետևաբար, նախարարի խոսքով, կրթությունն ու գիտությունը այդ անվտանգությունն ապահովելու ներուժն է հանդիսանում:
ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրեց նաև, որ իր և ՀՀ կրթության ու գիտության նախարարի հրամանով բանակի բոլոր զորամասերը կցված են շուրջ 1400 դպրոցներին, իսկ նախարարության կենտրոնական ապարատի ղեկավար կազմը կցված է բարձրագույն ուսումնական հաստատություններին:
«Երևանի պետական համալսարանում ստեղծված ավանդույթները հիմք պետք է հանդիսանան, որպեսզի մենք հարգանք տածենք պրոֆեսորա-դասախոսական կազմի այն խորը, գիտակցված, անձնվեր աշխատանքի հանդեպ, որն ուղղված է հայ ժողովրդի նորօրյա պատմության հաջողություններն ունենալուն: ԵՊՀ-ն այն առաջնեկներից է, որ մեր երկրի անվտանգության պահին, Արցախի համար վտանգավոր իրադրության մեջ կարողացել է համախմբել իր գիտական ներուժը, նաև ազատամարտիկներին, երկրի նվիրյալներին: ԵՊՀ-ի շատ դասախոսներ և ուսանողներ իրենց անունը հավերժ գրել են մեր պատմության մեջ»,- ասաց Սեյրան Օհանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան