«Առանց մեծերի դժվար է, առանց հույսի՝ անհնար»… Վիկտոր Համբարձումյան (լուսանկարներ)
«Ծնվում են մարդիկ, որ դեմք ու դիմագիծ են տալիս իրենց սնուցող մայր ժողովրդին: Այսպիսին էին Մեսրոպ Մաշտոցն ու Խորենացին, Թորոս Ռոսլինն ու Նարեկացին: Այդպիսին է Վիկտոր Համբարձումյանը»,- այսպես է բնութագրել Վ. Համբարձումյանին նկարիչ Մարտիրոս Սարյանը:
1908 թվականի այս օրը ծնվել է 20-րդ դարի մեծագույն գիտնական, հայ հայտնի աստղաֆիզիկոս, Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս, տեսական աստղաֆիզիկայի հիմնադիրներից Վիկտոր Համբարձումյանը։ Համբարձումյանի աշխատությունները վերաբերում են աստղերի և միգամածությունների ֆիզիկայի, աստղային աստղագիտության,աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի և գալակտիկաների տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի բնագավառներին։ Համբարձումյանը հեղինակն է սկզբունքորեն նոր տիեզերածնական հայեցակարգի։ Վ. Համբարձումյանը Ստալինյան մրցանակի կրկնակի (1946, 1950) դափնեկիր է, Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի (1968, 1978) Հերոս, Հայաստանի ազգային հերոս (1996), Ռուսաստանի Դաշնության պետական մրցանակի դափնեկիր, արժանացել է բազմաթիվ ակադեմիական պարգևների։
«Աշխարհի բոլոր աստղագետների հետ միասին աննկարագրելի կերպով հիանում եմ առաջնակարգ ներդրումներով, յուրահատկությամբ եւ փայլով, որոնք պրոֆեսոր Համբարձումյանը մտցրեց վերջին հիսուն տարիների ընթացքում աստղագիտության մեջ»,- ասել է Ամերիկայի մեծագույն աստղագետ-տեսաբան, նոբելյան մրցանակակիր Սուբրախմանյան Չանդրասեկար:
Վ. Համբարձումյանը Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է, որի անփոփոխ տնօրենն է եղել մինչև 1988 թ։ 1961 – 1964 թթ եղել է Միջազգային Աստղագիտական Միության նախագահ։ Երկու անգամ (1968 – 1970 և 1970 – 1972 թթ) ընտրվել է Գիտական Միությունների Միջազգային Խորհրդի նախագահ։ Վ. Հ. Համբարձումյանի անվամբ է կոչված թիվ 1905 փոքր մոլորակը (Ambartsumian), որ հայտնաբերել է Տ. Մ. Սմիռնովան` Ղրիմի աստղադիտարանում 1972 թ. մայիսի 14-ին։
Վ. Համբարձումյանը ծավալել է գիտա-կազմակերպչական, հասարակական-քաղաքական, մանկավարժական գործունեություն: 1990-ի սեպտեմբերի 9-ին, միանալով Զորի Բալայանին նա հացադուլ է հայտարարել՝ բողոքելով Գորբաչովի կողմից Ղարաբաղիօրինական իշխանության լուծարման դեմ: Երկու օր անց ԽՍՀՄ նախագահ Մ. Ս. Գորբաչովը ուղերձով շնորհավորել է ակադեմիկոսի ծննդյան տարեդարձը և խնդրել դադարեցնել հացադուլը: Շնորհավորանքի տեքստն ընթերցելով՝ Համբարձումյանը դիմել է թղթատարին. «Խնդրում եմ Միխայիլ Սերգեևիչին փոխանցել, որ եթե ինքը խնդրում է դադարեցնել քաղաքական ձեռնարկումը, ապա կարող էր նշել նաև հացադուլ հայտարարած իմ ընկերների անունները: Թե չէ, մի տեսակ լավ չի ստացվում: Նրան նաև փոխանցեք, որ մենք կգնանք մինչև վերջ և որ անձամբ ես երբեք չէի դիմի նման ծայրահեղ միջոցի, եթե վստահ չլինեի իմ իրավացիությանը»:
Վ. Համբարձումյանը մահացել է 1996 թ. օգոստոսի 12-ին Բյուրականում։ Նա թաղված է Բյուրականում Մեծ Աստղադիտակից ոչ հեռու աստղադիտարանի գերեզմանատանը։
Վիկտոր Համբարձումյանն իր կտակում (29. 08․ 1994 թ) գրում է. «...Կտակում եմ ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս տիրապետել հայոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից:
Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և այդ գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է:
Յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հայոց լեզուն:
Գիտցի՛ր, որ քանի ապրում եմ, իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, հայոց լեզվին տիրապետելը: Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»:
«Վիկտոր Համբարձումյանը գիտությունը հայացրեց, և աշխարհին պարտադրեց մեր այդ կերպարը՝ կարելությամբ ու խոյանքով լեցուն հայ մարդու կերպարը: Նա մեզ հարաբերեց քսաներորդ դարի հետ, և քսանմեկերորդ դարի այսօրվա մեր հույսը սնվում է դարձյալ իր երեկվա կենդանի՝ որպես համաշխարհային գիտություն՝ ներկայությամբ: Առանց մեծերի դժվար է, առանց հույսի՝ անհնար: Եվ հուսանք, որ զորելու ենք ուղի անել Վիկտոր Համբարձումյան մեծ աստղի լուսե խոյացման շքեղ ծիրը»,- ասել է Հրանտ Մաթևոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան