Գ. Մինասյան. ՀՀ մուտքը Մաքսային միություն՝ բերելու է ԼՂՀ դե ֆակտո ճանաչման
Վերջին շրջանում Ադրբեջանի տարբեր պաշտոնյաներ, ԼՂ բանակցային գործընթացի վերաբերյալ ակտիվորեն հայտարարություններ տարածում: Նախօրեին էլ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարն անդրադառնալով բանակցային պրոցեսին հայտարարել էր, որ Ադրբեջանը միջնորդների պահանջներին ընդառաջ չի գնա և քանի պատերամը չի ավարտվել, դիպուկահարներին առաջնային գծից դուրս չի բերի: Panorama.am-ը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված ադրբեջանական կողմի ակտիվությունը:
«Բավականին ուշագրավ է, որ այդ հայտարարությունները տեղի են ունենում մի ժամանակահատվածում, երբ Ադրբեջանում ընտրական ակտիվ փուլ է և միջազգային հանրության ուշադրությունը Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների ու նախագահի թեկնածուների կողմից հնչող հայտարարությունների նկատմամբ մեծ է: Ես կարծում եմ, որ այս ակտիվությունը կապված է Հայաստանի նախագահի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշման հետ:
Եթե Հայաստանը անդամակցի Մաքսային միությանը, ապա դա կբերի նրան, որ կամ Ռուսաստանը, Բելոռուս և Ղազախստանը Ղարաբաղը ճանաչեն որպես միջազգային իրավունքի սուբյեկտ կամ այն ճանաչեն որպես Հայաստանի անբաժանելի մաս: Այս հանգամանքն է, որ Ադրբեջանին դրդում է առավել ագրեսիվ հայտարարությունների, որով նպատակ է դրվում սրել իրավիճակը՝ խանգարելով ՀՀ անդամակցությանը: Չի բացառվում, որ առաջիկայում ադրբեջանական դիվերսիոն խմբերն ու դիպուկահարները կտրուկ ակտիվանան:
Հարցին, ինչո՞ վ է պայմանավորված Ձեր համոզմունքը, որ ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու գործընթացը կբերի Մաքսային միության անդամ երկրների կողմից Արցախը որպես միջազգային իրավունքի սուբյեկտ ճանաչելուն, Գ. Մինասյանը նշեց. «Անհնար է պատկերացնել, որ եթե Հայաստանը մտնի Մաքսային միություն, ապա Հայաստանի ու Արցախի միջև մաքսային սահման կարող է առաջանալ: Ներկայումս ՀՀ-ն ու ԼՂՀ-ն նույն մաքսային միության մեջ են, իսկ դա նշանակում է, որ եթե Հայաստանը Մաքսային միության անդամ մյուս երկրների հետ գտնվելու է նույն մաքսային տարածքում, ապա դա ավտոմատ կերպով նշանակում է, որ ՄՄ անդամ երկրները կամ Արցախը ճանաչում են որպես միության 5-րդ անդամ, սուբյեկտ կամ Հայաստանի ամբողջական մաս: Սա է պատճառը, որ Ադրբեջանը վտանգ զգալով Արցախի դե ֆակտո ճանաչումից, ամեն ինչ անում է ՄՄ-ին Հայաստանի ինտեգրացիոն գործընթացը ձախողելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա