Կարինե Մինասյան. Որոշումն արդեն կայացված է, և Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը
Սեպտեմբերի 3-ին Մոսկվայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հայտարարությունից հետո կառավարությունն այսօր հաստատեց «Մաքսային միությանը Հայաստանի միանալու ուղղությամբ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ» որոշումը:
Ընդունված նախագծով նախատեսվում է Մաքսային միությանը միացման համար անհրաժեշտ Մաքսային միության շրջանակներում գործող փաստաթղթերի, ՀՀ համապատասխան իրավական դաշտի և ՀՀ-ի կողմից ստորագրված միջազգային պայմանագրերի համադրում, համապատասխան բանակցային առաջարկությունների նախապատրաստում և այլ անհրաժեշտ միջոցառումների իրականացում:
Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների հանձնարարությամբ ձևավորվելու է բանակցային խումբ, որը կզբաղվի Մաքսային միությանը ՀՀ-ի անդամակցելու նախապատրաստական աշխատանքների իրականացմամբ:
Ըստ Կ. Մինասյանի` ստեղծվելու են 7 աշխատանքային խմբեր, որոնք կքննարկեն Հայաստանի` Մաքսային միության հետ համագործակցության հնարավորությունները: Նա նշեց, որ առաջին խումբը քննարկելու է պայմանագրի ընդհանուր դրույթները, երկրորդը խումբը զբաղվելու է սակագների հետ կապված հարցերով, երրորդը՝ ոչ սակագնային կարգավորման հետ կապված հարցերով, չորրորդը խումբը զբաղվելու է տեխնիկական կարգավորման հետ կապված հարցերով, հինգերորդը՝ հարկային և մաքսային հարցերով, վեցերորդը՝ ենթակառուցվածքների ուսումնասիրությամբ, յոթերորդը՝ մրցակցության հարցերով:
Փոխնախարարի խոսքերով` իրենց նպատակն է մանրամասն ուսումնասիրել բոլոր ոլորտներն ու բացահայտել առկա խնդիրները:
Հարցին, թե հնարավոր է, որ արդյունքում Հայաստանը չանդամակցի Մաքսային միությանը, Մինասյանը նշեց, որ որոշումն արդեն կայացված է: «Վերջին զարգացումները ցույց են տալիս, որ հնարավոր է այդ համագործակցությունը և դա շարունակվելու է բարձր մակարդակով»,- ասաց փոխնախարարը:
Կ.Մինասյանը նաև տեղեկացրեց, որ 2012թ ՀՀ և ՌԴ նախագահների հերթական հանդիպման ժամանակ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է քննարկեր Հայաստանի` Մաքսային միության անդամակցության հարցերը: Դեկտեմբերին ՀՀ վարչապետի հանձնարարականով ստեղծվել էր աշխատանքային խումբ, որն էլ աշխատել է ռուսական կողմի հետ: