Հայ-իտալական հարաբերություններ, Արցախի և Սիրիայի խնդրին` անդրադարձ. Է.Նալբանդյանը Իտալիայում է
Նախօրեին մեկնարկել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական այցելությունն Իտալիա և նույն օրը տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարարի և Իտալիայի արտգործնախարար Էմմա Բոնինոյի հանդիպումը։
Ինչպես հաղորդում են ԱԳՆ-ից, նախարար Նալբանդյանը նշել է, որ հայ-իտալական հարաբերություններն ունեն հազարամյակների պատմություն՝ հիշարժան փոխադարձ բարեկամության դրսևորումներով և բարի ավանդույթներով, ինչը լավ հիմք է փոխգործակցության առավել ամրապնդման և խորացման համար: Իսկ տիկին Բոնինոն հայտնել է, որ Իտալիան շահագրգռված է Հայաստանի հետ համակողմանի համագործակցության առավել զարգացմամբ և պատրաստ է գործուն քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ:
Արտգործնախարարությունների ղեկավարները շեշտել են բարձրաստիճան փոխայցելությունների, քաղաքական երկխոսության խթանման կարևորությունը, ԱԳՆ-երի միջև խորհրդատվությունների անցկացման, միջազգային կազմակերպություններում փոխգործակցության սերտացման կարևորությունը: Նաև գոհունակությամբ նշել, որ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման համար առկա է համապատասխան իրավապայմանագրային դաշտ և տնտեսական կապերի աշխուժացման միտում:
Երկուստեք կարևորվել են գործարար համաժողովների կազմակերպումը և, մասնավորապես, քննարկվել 2015 թ.-ին Միլանում կայանալիք համաշխարհային ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությունը։
Է.Նալբանդյանն ու Է.Բոնինոն անդրադարձել են Հայաստանի և Իտալիայի միջև միջխորհրդարանական, ապակենտրոնացված, մշակութային, կրթական և գիտական բնագավառներում հաստատված համագործակցությանը, նաև բանակցությունների ընթացքում քննարկվել են Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունները, Արևելյան գործընկերության նախաձեռնության շրջանակներում փոխգործակցությունը։
Իր իտալացի գործընկերոջ խնդրանքով Է.Նալբանդյանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը։ Անդրադարձ է կատարվել նաև Սիրիային:
Աղբյուրի փոխանցմամբ` նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպել է նաև Իտալիայի պաշտպանության նախարար Մարիո Մաուրոյի հետ, որի ժամանակ անդրադարձ է կատարվել պաշտպանական ոլորտում հայ-իտալական համագործակցությանը, անցյալ տարի Երևանում պաշտպանության նախարարությունների միջև ստորագրված համապատասխան համաձայնագրից բխող պայմանավորվածությունների կատարման ընթացքին։
Իտալիայի պաշտպանության նախարարը վերահաստատել է իտալական ռազմական ուսումնական հաստատություններում հայ սպաներին վերապատրաստելու իտալական կողմի պատրաստակամությունը։
Բանակցությունների օրակարգում էր նաև միջազգային խաղաղապահ գործողություններում հայ-իտալական հնարավոր համագործակցությունը։
Սեպտեմբերի 18-ի երեկոյան տեղի է ունեցել ՀՀ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված Իտալիայում Հայաստանի դեսպանության կողմից կազմակերպված ընդունելությունը, որին ներկա էին Իտալիայի պետական, քաղաքական և հասարակական գործիչներ, Հռոմում հավատարմագրված դեսպաններ, իտալահայ համայնքի ներկայացուցիչներ։
Ընդունելությանը ողջունելով ներկաներին՝ Է.Նալբանդյանն ասել է. «Հայկական պետականության վերականգնումը մեր ժողովրդի դարավոր երազանքն էր, ով երկար ճանապարհ է անցել այն նվաճելու համար: Հայ ժողովրդի կամքը ունենալ ազատ և ժողովրդավարական երկիր, Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման հրամայականը, անցած երկու տասնամյակներում պետականաշինության մեջ արձանագրված հաջողությունները որպես ոգեշնչման աղբյուր են ծառայում աշխարհի միլիոնավոր, այդ թվում Իտալիայում ապրող, հայերի համար, ովքեր իրենց ներդրումն են բերում մեր հայրենիքի զարգացման գործում:
Հայ-իտալական առնչությունները երկու հազարամյակի պատմություն ունեցող դարավոր կապերի կնիքն են կրում, իսկ Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունները՝ ընդամենը 21 տարվա պատմություն ունեն: Վերջին երկու տասնամյակի ընթացքում մեզ հաջողվել է նոր որակ հաղորդել երկկողմ համագործակցությանը, որը ներառում է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական կապերը, ապակենտրոնացված փոխգործակցությունը, տնտեսական, մշակութային, գիտակրթական և մի շարք այլ ոլորտներում համագործակցությունը։ Առկա է ամուր իրավապայմանագրային դաշտ՝ ստորագրված է 30 համաձայնագիր։ Իտալահայ համայնքն իր ներդրումն է բերում երկկողմ բարեկամության ամրապնդման գործում։
Այն, ինչ արվել է վերջին քսան տարիներին մեր համատեղ ձեռքբերումն է և մենք հաստատակամ ենք շարունակել համատեղ ջանքերը մեր բարեկամական գործընկերությունն առավել ամրապնդելու նպատակով»:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան