Զաուր Նասիրլի. Ադրբեջանի իրականությունը հարուստների և աղքատների եկամուտների միջև աստղաբաշխական ճեղքվածքն է
Իրականությունը Ադրբեջանում հարուստ և աղքատ քաղաքացիների եկամուտների միջև աստղաբաշխական ճեղքվածքն է: Օրինակ` Ադրբեջանում կան անձինք, ում երեխաները պարզապես չգիտեն, թե որտեղ կարելի է գումար ծախսել: Կան նաև այնպիսիները, ում երեխաները սոված են քնում: Այս մասին գրված է Զաուր Նասիրլիի` «ՖակտԽեբեր» ադրբեջանական պորտալում հրապարակված հոդվածում:
Ըստ Ադրբեջանի կայուն զարգացման հետազոտությունների կենտրոնի տնօրեն Նարիման Ագաևի` եթե հաշվի առնենք այն, որ Ադրբեջանում աղքատ մարդու տարեկան եկամուտը չի գերազանցում 2 հազար մանաթը (մոտ 2 հազար եվրո), ապա հարուստների դեպքում նույն ցուցանիշը մոտ 50 և ավելի անգամ մեծ է: Նա նաև նշել է, որ Ադրբեջանում հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատները` ավելի աղքատանում:
Ադրբեջանցի անկախ տնտեսագետ Օքթայ Ախվերդիևը «Էխո» թերթի հետ զրույցում նշել է. «Հիմնվելով սեփական հետազոտության վրա` կարող եմ ասել, որ երկրի քաղաքացիների 10% ամենահարուստների և 10% ամենաաղքատների միջև 22 անգամ տարբերություն կա այն դեպքում, երբ ԱՄՆ-ում այդ տարբերությունը երկակի կամ քառակի է, իսկ Եվրոպայում` հնգակի կամ վեցակի»:
Հոդվածում նշվում է, որ Ադրբեջանում նվազագույն կենսարժեքը 2013թ. կազմել է 93 մանաթ: «Չգիտեմ ծիծաղել, թե՞ լացել: Կարծում եմ` Բաքվում պարզապես հնարավոր չէ ապրել այդ գումարով»,- գրում է հեղինակը:
Փորձելով պատասխանել այն հարցին, թե ինչու է Ադրբեջանը բախվել այդ խնդրին և ինչպես լուծում գտնել` հեղինակը պատասխանում է. «Իմ կարծիքով այդ բոլոր աղետների պատճառը մեկն է` մենաշնորհը: Նախ, մենաշնորհը վերացնելու դեպքում գները երկրում կնվազեն նվազագույնը 40%-ով, քանի որ այս կամ այն ապրանքի համար մրցակցություն կսկսվի: Գործարարները կփորձեն հանրությանը ավելի որակյալ և էժան ապրանք ներկայացնել դրա վաճառունակությունը պահպանելու համար: Հնարավորինս սեղմ ժամկետներում հարուստների և աղքատների եկամուտների միջև բաժանումը կտրուկ կկրճատվի»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում