ԿԽՄԿ-ն հայ ռազմագերու մասին լուրը չի մեկնաբանում
«Ցավոք սրտի, մեր խոսակցությունների պարունակությունը ռազմագերիներին այցելելուց հետո մնում է գաղտնի, դրանք հրապարակման ենթակա չեն: Ինչ վերաբերում է Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովի նախագահին, ապա ես իրավասու չեմ մեկնաբանել դրանք»,- Panorama.am-ի հարցին, թե արդյո՞ք նոր տեղեկություններ կան հայ ռազմագերու վերաբերյալ, ինչպես պնդում են ադրբեջանական լրատվամիջոցները, ասաց ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Աշոտ Աստաբացյանը:
Նշենք, որ Ադրբեջանի գերիների, պատանդների ու անհայտ կորածների հարցերով հանձնաժողովի ղեկավարը Շահին Սաիլովը Թրենդ լրատվական գործակալությանը փոխանցել էր, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանը դիմել է իրեն երրորդ երկիր ուղարկելու խնդրանքով
Հարցին, թե արդյո՞ք հրապարկման ենթակա տեղեկատվություն կա՝ հայ ռազմագերու հայրենիք կամ երրորդ երկիր տեղափոխվելու մասին, վերջինս նշեց. «Այս պահի դրությամբ միայն կարող եմ նշել, որ եղած տեղեկատվությունը ենթակա չէ հրապարակման»:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը, ժամը 3:00-ի սահմաններում, ծառայությունն իրականացնելու ժամանակ, ըստ նախնական տեղեկությունների՝ տեղանքում չկողմնորոշվելու հետևանքով 1991թ. ծնված շարքային զինծառայող Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատելով ղարաբաղա-ադրբեջանական սահմանը, հայտնվել է հակառակորդի պահպանության տակ գտնվող տարածքում:
Հավելենք, որ Ադրբեջանը նախապես հաստատել էր հայ զինծառայողի՝ մոլորվածության պատճառով Ադրբեջանի պահպանության տակ գտնվող տարածքում հայտնվելու վարկածը, սակայն ավելի ուշ, ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին տարածել զինծառայող՝ ինքնակամ շփման գիծը հատելու վարկածը: Ավելի ուշ, համացանցում շրջանառության մեջ դրվեց հայ զինծառայողի հետ երկու «հարցազրույց», ինչը Ժնևյան կոնվենցիայի 13-րդ հոդվածի մի շարք կետերի խախտում է: