Թ.Պողոսյան. Հօգուտ ժողովրդի որևէ խնդիր այդ հանձնաժողովի քննարկման հիմքում չի դրվում
Ինչպես հայտնի է` այսօր Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ ստեղծված տրանսպորտի սակագնի բարձրացումը քննարկող հանձնաժողովում ներկայացուցիչ առաջադրելու վերջնաժամկետն է և հայտնի է արդեն, որ «Բարև Երևան» խմբակցությունը որոշում է կայացրել չմասնակցել դրա աշխատանքներին: Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ներկայությանը, ապա նույն որոշումն էլ կայացրել են ԲՀԿ-ականները: Panorama.am-ը զրուցեց խմբակցության ղեկավար Թամար Պողոսյանի հետ:
-Տիկին Պողոսյան, ինչո՞վ է պայմանավորված նման որոշումը:
-Նշեմ, որ դա ամենևին էլ նոր որոշում չէ: Երբ տրանսպորտի ուղեվարձը 150 դրամ դարձնելու որոշումը եղավ, այն ժամանակ մեր կուսակցությունը պաշտոնապես դատապարտող հայտարարությամբ հանդես եկավ` ի դեմս ԱԺ ԲՀԿ խմբակցության: Մենք պարզապես վերահաստատել ենք մեր դիրքորոշումը, քանի որ, ըստ էության, այս ժամանակահատվածում ոչինչ չի փոխվել:
Քաղաքական առումով անթույլատրելի ենք համարում այսպիսի սոցիալական վիճակում, երբ գնաճը մի քանի անգամ փաստացի գերազանցում է բնակչության եկամուտները, աղքատության նման ցուցանիշների ու արտագաղթի նման պայմաններում սա միմիայն բացասական հետևանքներ կարող է ունենալ ու նաև անկանխատեսելի հետևանքներ: Եվ բնականաբար մեր այս դիրքորոշումը չի փոխվել:
-Բայց արդյո՞ք ճիշտ է, որ ոչ ԲՀԿ-ն, ոչ էլ «Բարև Երևանը» չմասնակցեն հանձնաժողովի աշխատանքներին: Ի վերջո երևանցիների ներկայացուցիչներն եք քաղաքապետարանում` որքան էլ չվստահեք հանձնաժողովի ապագա գործունեությանը, այդուհանդերձ…
-Մինչ այդ հարցին պատասխանելը, ես ուզում եմ ներկայացնել այն գրության բովանդակությունը, որով Երևանի քաղաքապետը մեզ դիմել է ու հիմնավորել այդ հանձնաժողովի ստեղծման նպատակն ու առաքելությունը: Եվ կետ առ կետ հասկանալի կդառնան մեր բոլոր հիմնավորումները, թե ինչո՞ւ չենք ընդունել այդ առաջարկությունը:
Նախ, գրության մեջ բերված է 2013թ-ի հուլիսի 19-ի քաղաքապետի որոշումը` Երևանի քաղաքային տրանսպորտի սակագնի փոփոխության վերաբերյալ և նշվում է, որ այն կասեցվում է: Բայց որոշման երկրորդ կետով նշվում է, որ քաղաքապետի խորհրդական Գևորգյանը պետք է կազմակերպի հանրային քննարկումներ: Այսինքն` այս որոշման կետը պարտադրում է հանրային քննարկում և ոչ թե հանձնաժողովի ստեղծում: Կարծում եմ այս հանձնաժողովը ոչ մի աղերս չունի հանձնաժողովի ստեղծման հետ, իսկ պարտադիր է որպես հրամայական կազմակերպել հանրային քննարկումներ: Եվ մենք ի սկզբանե մերժում ենք այն հանձնաժողովի գոյությունը, որի նպատակն է հիմնավորելու և հասարակությանը ներկայացնելու արդեն վերանայված ուղեվարձի գինը , մինչդեռ պետք է կատարվեր հակառակը և հանրային քննարկումների իջոցով պարզվեր մարդկանց մոտեցումները:
-Այդ դեպքում Դուք պնդելո՞ւ եք, որ քննարկումներ կազմակերպվեն:
-Իհարկե պնդելու ենք: Մեր որոշման վերջում հստակ գրված է, որ` «այս պահին ԲՀԿ խմբակցությունը ձեռնպահ է մնում առաջադրել ներկայացուցիչ հիշյալ հանձնաժողովում»: Եվ եթե քննարկումները ընթանան այլ հունով` բարեփոխումների կամ նոր մոտեցումների, հայեցակարգի ձևավորման և այլն, ապա այդ ժամանակ մենք պատրաստ ենք վերանայել մոտեցումը: Բայց այս պահին այն նպատակով, որ հանձնաժողովը ստեղծվել է, մենք այստեղ անելիք չունենք: Մենք վստահ ենք, որ հանձնաժողովի ստեղծումը հստակ նպատակ ունի ավելացնել տրանսպորտի գինը… ավելին` գծատերերի կողմից ավելի բարձր գին է նույնիսկ նշվում, 200-400 դրամ անգամ: Այնպես որ հօգուտ ժողովրդի որևէ խնդիր այդ հանձնաժողովի քննարկման հիմքում, ակնհայտ է, չի դրվում:
Նախորդիվ`
«Բարև Երևան»-ը չի մասնակցի ուղևորափոխադրումների վարձի ձևավորման հանձնաժողովի աշխատանքներին