Ա.Ալիև. Ադրբեջանը ձերբակալված լրագրողների ամենամեծ թվով երկրներից է
«Դժվար է խոսել Ադրբեջանում անկախ մամուլի մասին` վերջին շրջանում հաճախակի դարձած լրագրողների ձերբակալությունների ֆոնի վրա: Այդ ոլորտում մի շարք լուրջ խնդիրներ կան: Առանց այն էլ ԶԼՄ-ների անկախության մակարդակը երկրում օրեցօր նվազում է», - «ՖակտԽեբեր» պորտալին է հայտարարել ադրբեջանական Նոր սերնդի լրագրողների հետազոտական կենտրոնի տնօրեն, մեդիա փորձագետ Արիֆ Ալիևը:
Ա. Ալիևը նաև նշել է, որ ներկա վիճակի պատճառները մեդիայում ֆինանսական ծայրահեղ սահմանափակումներն ու գովազդի շուկայում մենաշնորհն են: «Կան նաև լրագրողների ձերբակալությունների հետ կապված լուրջ խնդիրներ: Ադրբեջանը ձերբակալված լրագրողների ամենամեծ թվով երկրներից մեկն է Եվրոպայում: Այս պահին մինչև 20 բանտարկված լրագրող կա», - ասել է Ալիևը:
Փորձագետը նաև իր վերաբերմունքն է արտահայտել «Բիզիմ յոլ» («Մեր ուղին») թերթի աշխատակից և «Moderator.az» կայքի ղեկավար Փարվիզ Հաշիմլիի ձերբակալության հանդեպ:
«Այս պահին դժվար է այդ մասին որևէ բան ասել, քանի որ լուրջ փաստեր չունենք: Սակայն մեզ զարմացրել է այն, թե ինչպես ձերբակալեցին նրան: Ինչո՞ւ է պետք խուզարկություն անցկացնել լրագրողի խմբագրությունում, երբ նա մեղադրվում է զենքի մաքսանենգության մեջ: Ի՞նչ կապ ունի մաքսանենգությունն իր մասնագիտական գործունեության հետ: Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների մասսայական ներխուժումն այդ լրագրողի տուն և ագրեսիան ԶԼՄ-ների բոլոր այն ներկայացուցիչների հանդեպ, ովքեր ցանկացել են մոտենալ տանը, որոշակի հարցեր և կասկածներ է առաջացնում Փ. Հաշիմլիի ձերբակալության գործի վերաբերյալ: Իհարկե, որոշումը կհրապարակվի լրացուցիչ փաստերի բացահայտումից հետո», - նշել է ադրբեջանական Նոր սերնդի լրագրողների հետազոտական կենտրոնի տնօրենը:
Նշենք, որ 2013թ. սեպտեմբերի 17-ին Ադրբեջանում ձերբակալվել է «Բիզիմ յոլ» (Մեր ուղին) անկախ թերթի աշխատակից և «Moderator.az» կայքի ղեկավար Փարվիզ Հաշիմլին: Վերջինս Ադրբեջանի Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների կողմից բերման է ենթարկվել «Moderator.az» կայքի խմբագրության գրասենյակում: Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները միաժամանակ հայտնվել են թե Բալաջարի գյուղում գտնվող Հաշիմլիի տանը, թե «Բիզիմ յոլ» թերթի խմբագրությունում: Հաշիմլիի տանը նախարարության աշխատակիցները 30 նռնակ և ատրճանակ են «գտել»: Լրագրողի կինը նշել է, որ հենց Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցներն են զենքը տուն մտցրել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա