Ա. Մխիթարյան. «Ազատամարտիկների հարցը չպետք է քաղաքականացնել»
«Պետությունը փորձում է իր հնարավորությունների սահմաններում աջակցել ինչպես ազատամարտիկներին, այնպես էլ զոհվածներին և նրանց ընտանիքներին: Անշուշտ նրանք մեծ ծառայություն են մատուցել հայրենիքին և պետք է ոչ միայն պետության, այլ նաև հասարարակության կողմից պատշաճ վերաբերմունքի արժանան: Ինչ էլ պետութունն անի, դա քիչ է փոխհատուցելու այն, ինչ արել են ազատամարտիկները մեր երկրի համար»,- Panorama.am-ի հարցին, թե՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ազատամարտիկների շուրջ ստեղծված իրավիճակը, արդյո՞ք պետությունն առկա ռեսուրսների պայմաններում ատավելագույնն է անում՝ անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու ազատամարտիկներին ու նրանց ընտանիքներին, ասաց ԱԺ պատգամավոր, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը:
Ա. Մխիթարյանը նշեց, որ ազատամարտիկների ու նրանց ընտանիքների խնդիրներով պետությունից բացի զբաղվում են նաև համապատասխան կառույցները, այդ թվում՝ Երկրապահ կամավորական միությունն ու Աֆղանստանի պատերազմի վետերանների միությունը, որոնք իրենց հնարավորությունների չափով օգնում են ոչ միայն զոհվածների ընտանիքներին, այլ օժանդակում այն ազատամարտիկներին, ովքեր բուժման հետ կապված խնդիրներ ունեն:
«Անհնար է առկա ֆինանսական միջոցների պայմաններում լուծում տալ այս 2 տասնամյակների ընթացքում հավաքված խնդիրներին, սակայն առավելագույնն անելու համար ամեն ինչ արվում է»,- նշեց Ա. Մխիթարյանը:
Վերջինս նշեց, որ իր ազատամարտիկ ընկերների հետ հանդիպելիս խորհուրդ է տվել ակցիաների անցկացման ճանապարհով չգնա, քանզի դա որևէ լուծում չի տա, մանավանդ, որ որոշ քաղաքական ուժեր անընդհատ փորձում են քաղաքականացնել այս հարցը:
«Մեկ բան էլ ավելացնեմ. երբ ես ԱՊՀ անդամ երկրների վետերանների հետ հանդիպումներ եմ ունենում հասկանում եմ, որ այս խնդիրը առկա է գրեթե բոլոր երկրներում: Եթե որոշ երկրներում միայն հայրենական պատերազմի, Աֆղանստանի պատերազմի վետերանների խնդիր կա, ապա Հայաստանում նաև ավելանում է Արցախյան պատերազմի ազատամարտիկների խնդիրը»,- ասաց Ա. Մխիթարյանը:
Նա նշեց, որ մոտ 15 տարի առաջ առաջարկել է ստեղծել մի վարչություն, որը միմիայն կզբաղվի այս հարցերով, քանի որ ներկայումս ստեղծվել է մի իրավիճակ, երբ ազատամարտիկի մի խնդիր լուծելու համար նրան մի գերատեսչությունից մյուսն են ուղարկում:
«Շատ երկրներում նույնիսկ վետերանների նախարարություններ են ստեղծվել, որոնք հսկայական բյուջեի են տիրապետում և զբաղվում են բացառապես վետերանների հետ կապված խնդիրներով»,- հավելեց Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահը:
Նախորդող` Սոցնախ. Նախատեսվում է ավելացնել ազատամարտիկների կենսաթոշակները և արտոնությունների դիմաց տրվող դրամական օգնությունները