Ամեն ինչ հո չե՞ն ասում. Կարգադրիչների ծառայության պետի փաստաբանը չի խոսում
Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը, որը պաշտոնեական կեղծիքի և խարդախության գործով կալանավորված է, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Այդ մասին Panorama.am-ին տեղեկացրեց Արմեն Մովսիսյանի փաստաբան, Փաստաբանների պալատի անդամ Գիվի Հովհաննիսյանը:
Հարցին, թե ցուցմունքներ տալի՞ս է Արմեն Մովսիսյանը, փաստաբանը պատասխանեց «Ամեն ինչ հո չեն ասում» ու հրաժարվեց այլ տեղեկություններ տրամադրելուց:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Դատական կարգադրիչների ծառայությունում աղմկահարույց բացահայտում էր կատարվել. ծառայության մի շարք աշխատակիցների կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիքներ և խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 308-րդ և 314-րդ հոդվածների հատկանիշներով ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ մեղադրանք էր առաջադրվել 11 աշխատակցի:
Մեղադրյալներ ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության կենտրոնական մարմնի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Արմեն Ավագյանը, ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի աշխատակազմի դատական կարգադրիչների ստորաբաժանման պետ Բագրատ Արիկյանցը, ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պահեստապետ Յուրա Մուշկիդյանովին Յուրա Մուշկիդյանովի և Դատական կարգադրիչների ծառայության պետ Արմեն Մովսիսյանը կալանավորվել էին:
Բացի այդ կալանավորվել էին նաև ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության ֆինանսաբյուջետային բաժնի պետ, գլխավոր հաշվապահ Սաթենիկ Հովհաննիսյանը ու ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության անձնակազմի կառավարման բաժնի պետ Նարեկ Գասպարյանը, որոնք ավելի վաղ համարվում էին կասկածյալ:
Նախաքննության ընթացքում պատճառված գույքային վնասը վերականգնելու նպատակով մեղադրյալ Արմեն Ավագյանի կողմից Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դեպոզիտ հաշվին վճարվել է 988.177 ՀՀ դրամ, իսկ մեղադրյալներ ՀՀ դատական դեպարտամենտի դատական կարգադրիչների ծառայության պետի տեղակալ Գագիկ Խաչատրյանի և Արմեն Մովսիսյանի կողմից ՀՀ ոստիկանության դեպոզիտ հաշվին` 26.608.000 ՀՀ դրամ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները