«Աշխատանք էլ չգտնեմ, չեմ գնա Հայաստանից». Սիրիահայերի համար կազմապերպված աշխատանքի տոնավաճառ
Սիրիահայ Ասատուր Արամյանն այսօր Հյուսիսային պողոտայում կազմակերպված աշխատանքի տոնավաճառ էր եկել ինքնակենսագրականի պատճեններով: Բանկային գործի մասնագետը մեզ հետ զրույցի ժամանակ բանկերից մեկին արդեն ինքնակենսագրական տվել էր, փնտրում էր իրեն աշխատանք առաջարկող հաջորդ գործատուին: Արդեն 8 ամիս Հայաստանում ապրող Ասատուրն այս պահին չի աշխատում և հույս ունի, որ տոնավաճառից հետո աշխատանք կգտնի:
«Ես քսան տարի բանկի մենեջեր եմ աշխատել: Շատ կարևոր է, որ Հայաստանում նման միջոցառումներ են լինում: Կարևոր է, որ մենք էլ կարողանանք աշխատանք գտնել, քանի որ շատ խելացի ու աշխատասեր սիրիահայեր կան, ովքեր կարող են իրենց ներուժն օգտագործել Հայաստանում և չգնալ արաբական երկրներ` աշխատանք փնտրելու»,- ասաց նա: Սիրիահայը հույս հայտնեց, որ այս տոնավաճառն արդյունք կտա և բոլորը կկարողանան աշխատանք գտնել:
Անդրադառնալով ցածր աշխատավարձի խնդրին` նա ասաց. «Եթե համեմատես վարձատրությունն ու կյանքն այստեղ այնպիսին է, պիտի որ բավականացնի: Այնտեղ, եթե ամսական 4-5 հազար դոլար էինք վաստակում, այստեղ այդպես չէ, բայց այստեղի վաստակածով էլ, պիտի որ կարողանանք ապրել: Հարցին` եթե չկարողանաք աշխատանք գտնել, գնալո՞ւ եք Հայաստանից, Ասատուր Արամյանը պատասխանեց. «Եթե աշխատանք էլ չգտնեմ, չեմ գնա Հայաստանից: Ես եկել եմ, որ մնամ: Հերիք է ինչքան արաբների կողքին ապրեցինք»:
Հայաստանում սիրիահայերի ինտեգրման ամենակարևոր պայմանն աշխատանքն է, կարծում է ՄԱԿ Փախստականների գրասենյակի արտաքին կապերի համակարգող Անահիտ Հայրապետյանը: Հյուսիսային պողոտայում սիրիահայերի և աշխատանք փնտրողների համար «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության և ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի կազմակերպած աշխատանքի տոնավաճռում 50-ից ավելի ընկերություններ արդեն մի շարք սիրիահայերի են իրենց թափուր աշխատատեղերն ու պայմանները ներկայացրել:
Անահիտ Հայրապետյանը Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց, որ իրենց կազմակերպությունն արդեն երեք տարի է նման ծրագիր է իրականացնում, նպատակն է փախստականներին և օտարերկրացիներին օգնել աշխատանք գտնելու հարցում: «Այս տոնավաճառը հատուկ սիրիահայերի համար ենք կազմակերպել, իրենց համապատասխան ուսուցում է տրամադրվում, որից հետո նրանք աշխատանք են ստանում: Այս ծրագրով արդեն 41 սիրիահայ աշխատանք է գտել: Ճիշտ է վարձատրությունը բարձր չի կարող լինել, բայց սկիզբը շատ կարևոր է»,- ասաց նա:
ՄԱԿ Փախստականների գրասենյակի արտաքին կապերի համակարգողը հույս հայտնեց, որ ամեն ինչ կստացվի: Նա կարևորեց, որ սիրիահայերը չհիասթափվեն, չթողնեն արդեն գտած գործը ցածր վարձատրության պատճառով: «Կարելի է կամաց-կամաց հարմարվել: Մենք տարբեր կերպ ենք աջակցում սիրիահայերին, նրանց նաև հագուստ ենք տրամադրում, իրավագիտական խորհրդատվություն ենք տալիս, ամենը, ինչ անհրաժեշտ է մարդուն, ով ապաստանել է Հայաստանում: Բավական մեծ թվով սիրիահայեր են եկել, նրանք միմյանցից տեղեկանում են, որ կենտրոնը զբաղվում է իրենց խնդիրներով, իրենք էլ են այցելում, զանգահարում»,- ասաց Անահիտ Հայրապետյանը: Նա կարծում է, որ այս տոնավաճառը պետք է շարունակական լինի: Ըստ նրա` շատ ռեալ է, որ մարդիկ այստեղ աշխատանք գտնեն:
«Կան որոշակի աշխատատեղեր, պահանջ: Ընդամենը հարկավոր է վերապատրաստում ունենալ կամ վերապատրաստվել ու դիմել: Միակ խնդիրը աշխատավարձի ցածր լինելն է: Ես ինքս գիտեմ, ինչքան սիրիահայեր են տեղավորվել աշխատանքի` սկսած մատուցողից, վերջացրած շինարարով: Եթե մենք բնակարանի հարցը չենք կարող լուծել, գոնե կարող ենք օգնել աշխատանք գտնել: Աշխատել, որ մարդիկ իրեն վատ չզգան ու հարմարվեն տեղի պայմաններին»,- ասաց նա:
«Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը հիմնականում զբաղվել է կազմակերպչական հարցերով: «Բոլոր աշխատանք փնտրողների համար շատ օգտակար է այսպիսի տոնավաճառը: Այն աշխատանք փնտրողին օգնում է անմիջապես շփվել գործատուի հետ, ծանոթանալ պայմաններին: Իսկ գործատուներին էլ օգտակար է, որովհետև իրենք աշխատողներին են տեսնում և կարող են ընտրել ում հետ աշխատել»,- Panorama.am-ին ասաց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության թեժ գծի աշխատակից Լիլիթ Մանուկյանը:
Հավելենք, որ աշխատանքի տոնավաճառին մասնակցում է շուրջ 50 և ավելի գործատու, ովքեր ներկայացնում են շուրջ 300 թափուր աշխատատեղ:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները