Պետգույքի վարչության արձագանքը Panorama.am-ի հրապարակմանը. Վարչությունը իրավասու չէ շրջանցել իրավական ակտերը
Ի պատասխան panorama.am լրատվական կայքի սեպտեմբերի 14-ի «Չի կարելի այդքան մարդուն ցավացնել. հաշմանդամ կնոջ միակ ցանկությունը` կամ վերելակ դնեն, կամ տարածքն իրեն վաճառեն» վերնագրով և սեպտեմբերի 18-ի՝ նույն թեմայով հրապարակումների, ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությունը պարզաբանում է.
«Աշխեն Մարգարյանի կողմից հիշատակված՝ Վայոց ձորի մարզ, ք.Եղեգնաձոր, Պարույր Սևակի փողոց 9/3 հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկի 43.15 ք/մ տարածքը «Վայոցձորառսպաս» ՓԲԸ-ի սեփականությունն է հանդիսանում: «Վայոցձորառսպաս» ՓԲԸ-ն արդեն իսկ 1998- 2000թթ.. ընդգրկված էր Մասնավորեցման ցանկում և առայսօր ՀՀ օրենքի ուժ ունեցող՝ Պետական գույքի մասնավորեցման ծրագրի մաս է կազմում:
ՀՀ կառավարության 20.04.2010 թ. թիվ 474-Ն որոշմամբ «Վայոցձորառսպաս» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները և ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող նույն գույքային կազմը /նկուղ և 3-րդ հարկի տարածք/ վերապահվել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը: Իսկ ՀՀ կառավարության 2013թ. հուլիսի 25-ի N793-Ա որոշմամբ «Վայոցձորառսպաս» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացվել են մասնավորեցման՝ աճուրդով, համաձայն կառավարության 2012թ. ապրիլի 19-ի 490-Ն որոշմամբ սահմանված ժամանակացույցի:
Աշխեն Մարգարյանի, Վայոց Ձորի մարզպետի, ինչպես նաև «Սատար» հաշմանդամների հարցերով հասարակական կազմակերպության հարցումներին Վարչությունը պատշաճ պատասխանել և պարզաբանել է իրավիճակը: Ըստ որի՝ հնարավոր չէ վերոհիշյալ տարածքը որպես գույքային միավոր առանձնացնել «Վայոցձորառսպաս» ՓԲԸ-ի գույքի կազմից: Մասնավորեցման է ենթակա ոչ թե ընկերության առանձին գույքը, այլ՝ բաժնետիրական ընկերությունն ամբողջովին՝ իր հարյուր տոկոս բաժնետոմսերով: Հետևաբար այստեղ խոսք լինել չի կարող «տարածքները դիտավորյալ միացնելու կամ առանձնացնելու» մասին:
Եվս մեկ դիտարկում՝ շինության (նշված տարածքի) նպատակային նշանակությունը հասարակական է (հիմք ՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 02082012-10-0058):
Ի սկզբանե ամբողջ շենքը եղել է հասարակական նշանակության, որտեղ նախկինում կենցաղի տուն է գործել: Տարիների ընթացքում առանձին տարածքներ մասնավորեցվել են, որոնք հետագայում սեփականատերերն իրենց հայեցողությամբ են տնօրինել:
Հաշմանդամ կնոջ խնդրին ըմբռնումով մոտենալով հանդերձ, վարչությունը իրավասու չէ շրջանցել գոյություն ունեցող իրավական ակտերը, ինչպես նաև Մասնավորեցման ծրագիր-օրենքը: Նույն տրամաբանությամբ շենքում վերելակ տեղադրելու՝ քաղաքացու պահանջը ևս հասցեական չէ և ըստ ամենայնի, պետք է ուղղվի տեղական ինքնակառավարման մարմիններին:
Հրապարակման մեջ քաղաքացին ներկայացրել է նաև իր նախընտրած տարածքի «արժեքը», որը հայտնի չէ, թե ինչ ճանապարհով է ձևավորվել, քանի որ գույքը, աճուրդի ներկայացվելուց առաջ, մասնագիտական գնահատում է անցել և աճուրդային փաթեթով նախապես հրապարակվել է գնահատված արժեքը:
Ի դեպ, ընկերության՝ աճուրդով վաճառքի մասին պատշաճ կարգով ծանուցվել է ԶԼՄ-ներով, աճուրդի օր է նշանակվել սեպտեմբերի 18-ը, սակայն հայտ չլինելու պատճառով այն չի կայացել: ՀՀ կառավարությունն օրենքով սահմանված ժամկետում պետք է նոր որոշում կայացնի:
Կայքը փոխանցում է նաև Աշխեն Մարգարյանի մտահոգությունը ոմն «հավակնորդի» մասին, որն իբր խոստացել է իրեն վաճառել ցանկալի տարածքը այն աճուրդով ձեռքբերելուց հետո: Հիշեցնում ենք Ձեզ, որ պետական գույքի մասնավորեցման ցանկացած տարբերակ իրականացվում է օրենքով սահմանված կարգով՝ հրապարակային և տվյալ դեպքում ոչ միայն Աշխեն Մարգարյանը, այլև ցանկացած քաղաքացի կարող է ծանոթանալ աճուրդի պայմաններին, ընթացքին և մասնակցել դրանց:
Նույն՝ մրցույթի կամ աճուրդի մասին որոշումներով սահմանված կարգով, մրցույթի կամ աճուրդի մասնակիցների վերաբերյալ տեղեկատվություն չի կարող տրամադրվել մինչև մրցույթի կամ աճուրդի անցկացման օրը»: