Քաշաթաղում սիրիահայ 25-30 ընտանիք է ապրում. Նրանց մի մասը բնակարանի է սպասում
Արցախում այս պահին վերաբնակեցված է սիրիահայ մոտ 25- 30 ընտանիք, 70-80 մարդ: Քաշաթաղի շրջանի ղեկավարի սիրիահայերի գծով օգնական Վարդան Պողոսը panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ այդ թիվը վերջնական չէ, քանի որ ընտանիքները դեռ գալիս-գնում են: «Եղան սիրիահայեր, ովքեր եկան, բայց չհարմարվեցին, չմնացին: Ոմանք էլ նոր են գալիս»,- ասաց նա:
Սիրիահայերը բնակեցված են Քաշաթաղի շրջանի Բերձոր, Իշխանաձոր, Կովսական, Դիցմայրի համայնքներում: Վարդան Պողոսը տեղեկացրեց, որ ընտանքիների մի մասի բնակարանի խնդրի լուծումը դեռ ընթացքի մեջ է: «Ովքեր, որ բնակարան չունեն, նրանց համար կառուցվում է: Իշխանաձորում մի շենք է կառուցվում 6 բնակարանով, Կովսականում` 12: Պետության աջակցությամբ և այլ հիմնադրամների, բարերաների օգնությամբ բնակարանները կառուցվում են, հավանաբար մի քանի ամսից պատրաստ կլինեն»,- ասաց նա:
Վարդան Պողոսը նկատեց, որ սիրիահայ երեխաները Արցախում շարունակում են կրթություն ստանալ, դպրոցներ են հաճախում: «Երեխաները շուտ են հարմարվում, սովորում: Մի փոքր լեզվի խնդիրն է առկա` արևմտահայերենի և արևելահայերենի տարբերության պատճառով»,- նկատեց նա:
«Աջակցություն ինքնորոշված Արցախին» կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Մկրտիչ Տոնոյանը panorama.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ իրենց կազմակերպությունն աջակցել է բնակարանների կառուցման հարցում, իսկ կահավորելու հարցն ամբողջությամբ վերցրել է իր վրա: Նա նշեց, որ անհրաժեշտ կահույքը տեղափոխել են Քաշաթաղ:
Կազմակերպությունը որոշել է շարունակել աջակցությունը և ծրագրեր իրականացնել նաև Արցախ տեղափոխված սիրահայերին քաջալերելու համար, որպեսզի նրանք մնան այնտեղ: «Մենք մտածում ենք ինչ-որ տարբերակ գտնել արդեն մեկ տարի մնացածներին այլ տեսակի օգնություններ տրամադրել»,- ասաց նա: Մկրտիչ Տոնոյանը հայտնեց, որ առաջիկայում արդեն կհստակեցվեն նաև այս ծրագրերը:
Նախորդիվ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան