Ա. Բախշյան. «Պետք է հիշենք, որ անկախությունը արյունով է ձեռք բերվել»
«Անկախ պետականությունը մեզ համար արժանապատիվ ապրելու անհրաժեշտ պայման է, և պետք է հիշենք, որ անկախությունը արյունով է ձեռք բերվել»,- անդրադառնալով Հայաստանի Հանրապետության 22-ամյա անկախության խորհրդին, Panorama.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար, «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
Նրա համոզմամբ` Հայաստանի 22 տարվա անկախ պետականության կայացումը հայ ժողովրդի դարավոր երազանքի իրականացումն է:
«Մենք 8 դար զրկված ենք եղել պետականությունից և այսօր ունենք Հայաստանի Հանրապետություն` Սահմանադրությամբ և պետականության համար անհրաժեշտ խորհրդանիշներով»,- ասաց Ա. Բախշյանը:
Վերհիշելով Հայաստանի ազգային հերոս Մովսես Գորգիսյանի խոսքերը` «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու», Ա. Բախշյանը շեշտեց, որ այդ ապագա Հայաստանը կառուցելու համար հսկայական աշխատանք կա անելու:
«22 տարվա Հայաստան պետության ողնաշարը, ոսկրային համակարգը ամուր չէ և ամրապնդման կարիք ունի: Դրա համար անհրաժեշտ է, որ առաջին հերթին արդարություն հաստատենք մեր երկրում, ազնվությունը` որպես արժեք, ներարկենք մեր իշխանավորների արյան մեջ, որպեսզի նրանք ընկալեն Հայաստանը ոչ նրա համար, թե ինչպես բազմապատկեն իրենց հարստությունը, այլ ինչպես անեն, որ Հայաստան պետությունը հայ մարդու համար լինի արժանապատիվ ապրելու հայրենիք: Պետք է հիշենք նաև, որ Հայաստանը աշխարհասփյուռ հայության հայրենիքն ու օջախն է»,- ընդգծեց Անահիտ Բախշյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա