«Հպարտ եմ, որ պետական պարգևի եմ արժանացել». Պարգևատրվածները կիսվում են իրենց տպավորություններով (լուսանկարներ)
«Ես ձեզ շատ-շատ եմ սիրում: Շնորհավորում եմ բոլորիդ, թող երջանկություն լինի, ուրախություն լինի»: Նախագահական նստավայրում ասմունքող Վերա Հակոբյանը նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ ստանալուց հետո շնորհավորեց նաև հայ ժողովրդին: Շնորհավորական խոսքերից բացի, նա իր անզուգական ու անկրկնելի ձայնով «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունը նվիրեց հայաստանցիներին:
Հիշեցնենք, որ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ` գիտության, կրթության, առողջապահության, տնտեսության, արվեստի և մշակույթի ոլորտների, սփյուռքի մի խումբ ներկայացուցիչներ, զինված ուժերի, իրավապահ մարմինների զինծառայողներ պարգևատրվել են պետական բարձրագույն պարգևներով, շնորհվել են նաև պատվավոր և զինվորական բարձրագույն կոչումներ:
«Մովսես Խորենացի» մեդալով պարգևատրվեց Երևանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիայի թատրոնի տնօրեն Կամո Հովհաննիսյանը. «Յուրաքանչյուր քաղաքացու, հայ մարդու համար պետական պարգև ստանալը հպարտություն է, հաճելի է, նաև հուզիչ է, պարտավորեցնող»: Նա շնորհավորեց հայ ժողովրդին՝ նշելով, որ չի կարելի այսօվա տոնով չուրախանալ:
ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Մուրադ Սարգսյանը, ով արդեն ուներ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ, այսօր նախագահի կողմից պարգևատրվեց նաև «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
«Քանի կենդանի եմ, շարունակելում եմ ծառայել ժողովրդիս: Այսօր մեր բանակը կայուն է, իր առջև դրված ցանկացած առաջադրանք կկատարի»,-ասաց նա: Գեներալ-լեյտենանտի գնահատմամբ՝ «մենք (նկատի ունի բանակը) հզոր ենք, ժողովրդի հետ միասին»:
Մի քանի օր առաջ Մոսկվայում բացված Սուրբ Պայծառակերպություն ճարտարապետական հայկական համալիրի ճարտարապետ Արտակ Ղուլյանը վաստակավոր ճարտարապետի կոչմանն արժանացավ: «Համարձակությունից առաջ անկախ Հայաստանը հնարավորություն տվեց, որ քո ստեղծագործական գաղափարները ներկայացնես, ստեղծվեցին պայմաններ, որ եթե անհատն ունի ստեղծագործական շնորհք, դրսևորել այն ու գնահատվել»,- անկախության տված հնարավորություններն այսպես ներկայացրեց ճարտարապետը: Ըստ նրա, յուրաքանչյուր մարդ պետք է իր ասպարեզում մի բան լավ անի՝ նպաստելով անկախության ամրապնդմանը:
Դերասան Խորեն Լևոնյանն արժանացավ «Մովսես Խորենացի» մեդալի. «Կարևորն այն է, որ այս օրով գնահատվում են տարբեր ոլորտների մարդիկ: Այս պարգևը նաև պարտավորեցնում է, մարդիկ սկսում են ավելի լավ աշխատել:
Չայկովսկու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր թավջութակահար Նարեկ Հախնազարյանին նախագահը Սերժ Սարգսյանը «Մովսես Խորենացի» մեդալը հանձնելիս նախ հարցրել է՝ «Ինչպես ես»: «Չորս օր առաջ էի հանդիպել նախագահին՝ Մոսկվայում հայկական եկեղեցու բացման ժամանակ,- ասաց Նարեկը, ապա շարունակեց,- հպարտ ու ուրախ եմ, որ նման պարգևի եմ արժանացել: Հաճելի է»: Նա նշեց, որ իր հաջողության գրավականը, ընդհանրապես իր բնագավառում, աշխատանքն ու համառությունն է. «Երևի արդեն նվագել եմ աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, մի քանի օրից երկրորդ անգամ ելույթ եմ ունենալու Նյու Յորքի Կառնեգի հոլում: Բայց մեծ ցանկություն ունեմ նվագել Բեռլինի, Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի հետ»: Նարեկ Հախնազարյանի խոսքով, ուզում է իր ներդրումն ունենալ մեր մշակութային կյանքում՝ փառատոներ կազմակերպելով ու անվանի երաժիշտների բերելով Հայաստան, երիտասարդ երաժիշտների համար վարպետության դասեր անցկացնելով:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները