Չեչնիայի Ներքին գործերի նախարարություն. չեչեն գրոհայինները Սիրիա են հասնում Ադրբեջանով և Թուրքիայով
Չեչնիայի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը հաղորդում է, որ Սիրիայի մարտական գործողություններում ներգրավված Չեչնիայի բնակիչները մերձարևելյան հակամարտության գոտի են տեղափոխվում Ադրբեջանով և Թուրքիայով:
Ռուսաստանի քաղաքացիների մասնակցությունը Սիրիայի մարտական գործողություններին անհանգստացնում է Ռուսաստանի Դաշնության իշխանություններին: ԶԼՄ-ներն արդեն մտահոգություն են հայտնում այն մասին, որ Ռուսաստան վերադարձած գրոհայինները պատերազմ կսկսեն այնտեղ: Այդ մասին ասվում է «Кавказский Узел»-ում հրապարակված նյութում:
Չեչնիայի ուժային կառույցների աղբյուրի հաղորդմամբ` Սիրիայում գտնվող Չեչնիայի բնակիչների քանակի մասին հստակ տվյալներ չկան, իսկ մարտական գործողություններին մասնակցում է այդ հանրապետությունից ժամանած 200-ից 500 մարդ : Չեչնիայի ղեկավարությունը հունիսին խոստովանել է, որ այդ հանրապետության բնակիչները մասնակցում են Սիրիայի պատերազմին: Հունիսի 6-ին Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտարարել է, որ Սիրիայում են գտնվում մոտ 200 գրոհայիններ ՌԴ-ից, և դա Ռուսաստանում անհանգստություն է առաջացնում:
Այսօր ՌԴ-ի Անվտանգության դաշնային ծառայության առաջին փոխտնօրեն Սերգեյ Սմիրնովը հաղորդել է, որ Ռուսաստանից 300-400 բնակիչ կռվում է Սիրիայում` որպես վարձկան: Սմիրնովի խոսքերով` վարձկանների վերադարձը Ռուսաստան իրենից լուրջ վտանգ է ներկայացնում:
Չեչնիայի Ներքին գործերի նախարարի ներկայացուցիչը «Кавказский Узел»-ի թղթակցին հայտնել է, որ Չեչնիայում երիտասարդության հավաքագրման համար ակտիվորեն օգտագործվում են տարբեր համացանցային ռեսուրսներ:
«Մեր մոտից շատ են մեկնում Ադրբեջան, լավ բիզնես կա: Բացի այդ, այնտեղ դեռ ապրում են չեչեններ, ովքեր մեկնել են 90-ականների և 2000-ականների սկզբներին: Երիտասարդները Բաքու են մեկնում տարբեր արդարացումներով, իսկ արդեն այնտեղից տեղափոխվում են Թուրքիա, այնուհետև, ուղակիորեն հայտնվում են Սիրիայում», - նշել է Չեչնիայի Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչը:
Սիրիայում պատերազմին մասնակցող չեչենների քանակի մասին հստակ տվյալներ չկան, «Кавказский Узел»-ի թղթակցին է հայտնել հանրապետական ուժային կառույցների բարձրաստիճան աշխատակիցներից մեկը: Ըստ նրա` հնարավոր է, որ Սիրիայում 200-ից մինչև 500 չեչեն է կռվում:
Ընդ որում` հյուսիսային կովկասցիների նախապատրաստումը կատարվում է Թուրքիայի տարածքում, հայտարարել է Սիրիայի արտգործնախարար Վալիդ Ալ-Մուալլեմը: Ռուսական հատուկ ծառայություններն իրենց հերթին մտահոգված են Սիրիայից իրենց համաերկրացիների վերադարձի պատճառով, քանի որ, Թաթարստանի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի աշխատակից Ռաիս Սուլեյմանովի պնդմամբ, որևէ երաշխիք չկա, որ նրանք, Սիրիայում փորձ ձեռք բերելով, «իրենց պայքարը չեն շարունակի ռուսական տարածքում»:
Հիշեցնենք, որ Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական Հյուսիսային Կովկասում տեղի ունեցած մարտերում վիրավորված ահաբեկիչները բուժում են ստացել Ադրբեջանում և Վրաստանում, իսկ վահաբիզմի գաղափարախոսության գլխավոր կրողները թաքնվում են Թուրքիայի տարածքում, որտեղից էլ վահաբիզմի և ծայրահեղականության տարածման աշխատանքներ են կազմակերպում: Ռուսաստանն իր հերթին բարձրացնում է Ադրբեջանում չեչեն գրոհայինների բուժման անթույլատրելիության հարցը: 2000թ. փետրվարին Ռուսաստանի արտգործնախարարը այդ կապակցությամբ հայտարարություն է արել. նմանատիպ հայտարություններ են տարածել նաև Դաղստանի գծով Անվտանգության դաշնայի ծառայության ղեկավարությունը և Դաղստանի Ներքին գործերի նախարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան