«Հայ ժողովրդի պատմությունը համընդհանուր փորձ է». Հայաստանի Հանրապետությունը 22 տարեկան է
«Այն ազգը, որը չի ուզում մահանալ, երբեք չի մահանա»: Խոսքերի հեղինակը ֆրանսիացի գրող և գրաքննադատ, ակադեմիկոս, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Անատոլ Ֆրանսն է` նկատի ունենալով հայ ազգին:
Panorama.am-ի հետ զրույցում Նոբելյան մրցանակակրի խոսքերը հիշեց երևանցի Վարդգես Գեղամյանը պատասխանելով հարցին, թե, ըստ Ձեզ, ինչպես կարողացավ հայ ազգը կրկին վերականգնել իր անկախությունը:
«Մենք միշտ էլ ձգտել ենք անկախ լինել: Երբեմն այդ ձգտումն իրականություն է դարձել, երբեմն՝ անհաջողությամբ է պսակվել: Բայց մենք կարողացել ենք կրկին ոտքի կանգնել, պայքարել: Այսօր անկախ ենք, թեև շատերն են այն կարծիքին, որ ավելի լավ էլ լինել մեկի հպատակը, բայց լավ ապրել: Ես այդպես չեմ կարծում: Միգուցե մեզ ճնշում են, բայց մենք ապրում ենք անկախ Հայաստանում»,- ասաց նա:
Մեզ հետ զրույցում շատերը զայրույթով արձագանքում էին, որ շուտով այլևս անկախ չենք լինի, «ռուսն ասի աջ՝ աջ ենք գնալու, ասի ձախ՝ ձախ ենք գնալու, եթե նույնիսկ չուզենանք էլ», բայց նաև շատ էին կարծիքները, որ մենք պետք է ամրապնդենք մեր անկախությունը՝ «նույնիսկ այն խոչընդոտները հաղթահարելով, որոնք շատերի համար անհաղթահարելի են»:
«Հայ ժողովրդի պատմությունը դա համընդհանուր փորձ է: Կենդանի մնալու փորձ»,- ասել է նորվեգացի բևեռախույզ, գիտնական, դիվանագետ և ականավոր հումանիստ Ֆրիտյոֆ Նանսենը:
Հայաստանի Հանրապետությունը 22 տարեկան է:
ՀՀ Անկախության հռչակագիրն ընդունվել է 1990թ. օգոստոսի 23-ին. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը ՀՌՉԱԿՈՒՄ է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:
Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով, խորհրդարանը որոշեց 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։
«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն է՝ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը և օրենքները»,- նշված է ՀՀ Անկախության հռչակագրում:
«Երկրագնդի վրա չկա մեկ այլ երկիր, որ այդքան հրաշքներով հագեցած լինի, որքան հայոց հողն է...»,- ասել է ռուս բանաստեղծ, արձակագիր, դրամատուրգ, գրականագետ, պատմաբան Վալերի Բրյուսովը: Իսկ չինացի գրող Մաո Դունն էլ այս կարծիքին է եղել. «Հայ ազգը մշտապես և ամենուրեք հանդիսանում է օգտակար, ստեղծագործ և արդյունավետ տարր»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները