Արցախի նախագահը շնորհավորել է Սերժ Սարգսյանին. 22 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց պատմական որոշում
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, ուղերձում ասված է.
«Մեծարգո Սերժ Ազատի,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և համայն հայությանը` Անկախության տոնի առթիվ:
22 տարի առաջ մեր ժողովուրդը կայացրեց պատմական որոշում, որն արմատապես փոխեց նրա հետագա զարգացման ընթացքը: Վերջապես վերականգնվեց հայոց անկախ պետականությունը, որը դարեր շարունակ թվում էր անիրականանալի, վերականգնվեց սեփական ճակատագիրն ինքնուրույն տնօրինելու, իր հողում իր երկիրը սեփական ձեռքերով կառուցելու հայի իրավունքը: Դա վճռորոշ քայլ էր, որի ճշմարտացիությունն ու անխուսափելիությունն ապացուցվել է այս բոլոր տարիների ընթացքում:
Հայաստանի Հանրապետությունն այսօր առաջ է ընթանում հաստատուն քայլերով` իրականացնելով տարբեր ծրագրեր` ուղղված ժողովրդի անվտանգության ապահովմանն ու պաշտպանունակության ամրապնդմանը, մարդկանց սոցիալ-տնտեսական և կենցաղային պայմանների բարելավմանը: Ես ավելի քան վստահ եմ, որ համատեղ ջանքերով, Հայաստան-Արցախ-Սփյուռք կուռ եռամիասնության շնորհիվ հայ ժողովուրդը կարձանագրի նոր ձեռքբերումներ ու կհասնի ազգային նպատակների իրագործմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ ու մեր բոլոր հայրենակիցներին պետական տոնի առթիվ և մաղթում խաղաղություն, քաջառողջություն ու ամենայն բարիք` ի փառս Մայր Հայաստանի զորացման ու բարգավաճման»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում